Ֆեյսբուքյան ճգնաժամը, որն արդեն նշմարվում էր մի քանի ամսվա ընթացքում, հասավ իր տրամաբանական սկզբին․ սոցցանցը պաշտոնապես հայտարարեց, որ իրականացնում է ալգորիթմի հեղափոխական վերազննում։
Իհարկե, դեռ ամեն ինչ պարզ չէ, քանի որ ալգորիթմի փոփոխությունների հիմնական մասը նոր է մեկնարկում։ Ավելին, մենք հիմա էլ ճշգրիտ չգիտենք, թե ինչպես է աշխատում Ֆեյսբուքի ալգորիթմը, քանի որ համակարգը հաշվի է առնում հազարավոր քանակական և որակական սիգնալներ, որոնց հիման վրա է ձևավորում մարդկանց լրահոսները, և դրանց միայն մի մասն է բացահայտվում։ Այնպես որ, նոր փոփոխությունների մասին մենք, միևնույնն է, կարող ենք խոսել մոտավոր։
Արդեն հայտնի է, որ Ֆեյսբուքը սկսելու է նվազեցնել էջերի, բոլոր էջերի ցուցադրումները: Փոխարենը թայմլայններում աճելու է ընկերների գրառումների թիվը։ Այսինքն, մենք ժամանակի ընթացքում գրեթե չենք տեսնի էջերում կատարված գրառումներ։ Ինչը, բնականաբար, էջերի ադմինների համար դառնալու է մղձավանջ։
Փոփոխությունը չի նշանակում, որ էջերից ոչ մի բան չի հայտնվի մարդկանց աչքի առաջ։ Սակայն ֆիլտրերով անցնելը կլինի շատ ավելի բարդ։
Դեպի կայքեր թրաֆիկի ստացման մեթոդներից շատերն ուղղակի կդադարեն աշխատել: Օրինակ, Ֆեյսբուքի տարբեր խմբերով զանգվածային հղումների տարածումը դժվար թե օգուտ տա լրատվականներին։ Նաև լայք խնդրելը չի աշխատի։ Պատճառները մի քանիսն են։ Առաջինը․ Ֆեյսբուքը նվազեցնում է լայքի ազդեցությունը ալգորիթմում, ավելի մեծ տեղ տալով մեկնաբանություններին և շեյրերին։ Բացի այդ, ավելի կարևոր է դառնում, թե որքան լայն քննարկում է առաջացնում կոնկրետ նյութը։ Այսինքն, մեթոդը, երբ լրագրողները նյութը մեխանիկորեն տարածում են մի երեսուն միանման խմբերում․ «Օրվա թեժ լուրեր», «Հիանալի լուրեր», «Գերազանց լուրեր», «Անբասիր լուրեր» և այլն, որտեղ իրենց պես ևս մի հարյուր լրագրող քրտնաջան քոփի֊փեյսթով են զբաղված, արդյունք չի տա: Այդ մեխանիկականին մոտ գրառումները չեն երևա մարդկանց թայմլայններում։ Սակայն, եթե ֆեյսբուքյան խմբում գրառումն ակտիվ քննարկվում է, ապա այն կհայտնվի քննարկման մասնակիցների ընկերների ֆեյսբուքյան պատերին։
Այսինքն Ֆեյսբուքի համար կարևորագույն չափանիշը լինելու է, թե որքանով է այս կամ այն նյութն առաջացնում քննարկում։ Եթե ձեր ընկերները այս կամ այն խմբում կամ էջում մեկնաբանել են գրառումը, ապա դուք այն կտեսնեք։ Եթե չեն մեկնաբանել՝ ամենայն հավանականությամբ ոչ ոք չի նկատի այդ հրապարակումը։
Ֆեյսբուքի հրապարակումներում նշվում է, որ, օրինակ, ուղիղ եթերները և դրանցից մնացած տեսանյութերը վեց անգամ ավելի շատ քննարկում են առաջացնում, քան հասարակ տեսանյութերը։ Բայց միայն տեսանյութերով աշխատող լրատվականներն էլ շատ մեծ լսարան չեն ունենա:
Ֆեյսբուքի ալգորիթմի հետևանքով մի քանի կարևոր հանգամանք է ի հայտ գալիս․
ա․ Խմբագրությունները պետք է դուրս գան իրենց բարձր աշտարակներից, լրագրողները պետք է շփվեն լսարանի հետ,
բ․ Լրագրողները պետք է սովորեն աշխատել ադեկվատ, մոդերացվող խմբերի հետ, ուր ձևավորվել է համայնք,
գ․ Խմբագրությունները պետք է փորձեն համագործակցել սոցցանցում ազդեցություն ունեցող օգտատերերի հետ, որոնք կարողանում են քննարկումներ ծավալել Ֆեյսբուքում:
Առանձին հարկ է նշել գովազդին վերաբերող հարցը։ Արդյո՞ք այս փոփոխությունները նշանակում են, որ սոցցանցը դրդրում է բոլոր էջերին, կազմակերպություններին, լրատվամիջոցներին գնալ դեպի վճարովի, գովազդային տարածման տարբերակը։ Իրականում Ֆեյսբուքում գովազդի գինը կաճի, քանի որ այն ձևավորվում է աճուրդային սկզբունքով։ Բայց գովազդի տեղը թայմլայնում անվերջ չէ։ Այսինքն, միայն վճարովի բովանդակությամբ, մեկ է, առաջխաղացում ապահովել հնարավոր չի լինի։
Սամվել Մարտիրոսյան