Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը անդրադարձել է «Ռոսիա»-ում ընթացող շինարարության խնդրին՝ իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Երեկ կարդացի «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել: Տխուր է: «Ռոսիան», Երիտասարդների պալատը, Հրազդան մարզադաշտը կառուցվել են խորհրդային տարիներին /գրեցի ու մտածեցի ինչ գեղեցիկ իմաստ ունի խորհուրդ բառը: Քաղաքապետարանը կոչվում էր Քաղաքային խորհուրդ, կառավարությունը՝ Նախարարների խորհուրդ, ենթադրվում էր, որ նախարարները հավաքվում են ու խորհրդակցում երկրի կառավարման մասին: Նույնը Քաղխորհուրդը, հիմա ՔաղաքաՊԵՏարան,ՎարչաՊԵՏ: Խորհրդի անդամը հիմա ԱՎԱԳԱՆԻ: Իհարկե այն ժամանակ էլ խորհուրդները ֆորմալ էին/:
«Ռոսիան» նախագծելիս նպատակ էր դրված շուկայի տեղում, որ միշտ ցեխոտ էր, բարձր գրունտային ջրերի կամ անձրևների պատճառով, կառուցել մշակութային կենտրոն: Հիշեցնեմ, որ »Ռոսիայի» կազմում կար երկու դահլիճ, 1600 և1000 տեղանոց, մեկ դահլիճ -200 տեղանոց, ընդարձակ ճեմասրահ, ցուցասրահ- մոտ 1000քմ, պարասրահ-1000քմ, բառ, ռեստորան: Համալիրը զարդարում էին Արա Շիրազի, Երվանդ Գոջաբաշյանի, Յուրա Պետրոսյանի, Օհան Պետրոսյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Էդիկ Խարազովի, Դավիթ Երևանցու մեծածավալ բարձրարվեստ քանդակները: Այսինքը նպատակ էր դրված շուկայի փոխարեն ստեղծել /ու ստեղծվեց/ մշակութային կենտրոն: Ավաղ, կյանքը նորից վերադարձրեց շուկան, ներողություն ՏՈՆԱՎԱՃԱՌը: Իհարկե չեմ հասկանում, թե ինչ տոնականություն կա դրա մեջ:
Նույնը վերաբերվում է Հրազդան մարզադաշտի ուրվականին: Հավաքվում էին 70-80 հազար մարդ, գերազանց ֆուտբոլ էր: Հիմա Տոնավաճառ է: Այն ժամանակ հպարտանում էինք թիմով, հիմա մեկ Մխիթարյանով, էն էլ խաղում է ուրիշ երկրում: Հիմա բավարարվում ենք 10 հազար տեղանոց Հանրապետական մարզադաշտով:
Այս ամենը իհարկե պատմություն է: Սակայն անկախության տարիների սերունդը պետք է գոնե իմանա, թե ինչ կարող էր ունենալ, բայց կորցրեց:
Մոտ երկու տարի առաջ, երբ սկսվեց «Զվարթնոցի» քանդման պատմությունը, Ճարտարապետների միությունը դիմեց մշակույթի նախարարություն պահանջով, որ «Զվարթնոցը» ու «Ռոսիան» մտցվեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ, ավաղ մշակույթի նախարարությունը չարձագանքեց:
Տպավորություն է, որ առաջ գնալու փոխարեն, հետ ենք գնում:
Քաղաքի բոլոր շրջաններում կային 800 տեղանոց դահլիճներ: Հիմա ասում են ժողովուրդը կինո չի գնում: Նախ դահլիճը միյայն կինոյի համար չի, դահլիճը հավաքվելու տեղ է, երկրորդը 800,1600 մեկ տեղում հավաքված բազմությունը ուրիշ էներգետիկա ունի: 60-70 ականների երեվանցիները կհիշեն ֆիզիկայի ինստիտուտի դահլիճը ու էնտեղի հավաքները:
Լավ, երևի մտածում եք դե վերջացրու: Վերջացրեցի»: