Հայաստանում գյուղացիներից յուրաքանչյուրին դրոնով կհետևեն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում գյուղացիներից յուրաքանչյուրին դրոնով կհետևեն. armeniasputnik.am

Ահա մենք ճաշեցինք ու փորներս բռնեցինք։ Մի պատ այն կողմ մեր «պաշտելի» հարևաններն էլ։ Մանկապարտեզի բակում փոքրիկները վատացան։ Հարց. սանիտարական տեսուչները որտե՞ղ պետք է փնտրեն թունավորման պատճառը։ Չէ՞ որ նրանք պետք է հավասարաչափ հոգ տանեն մեր երեխաների, մեր ու (ինչ արած) հարևանների մասին։

Մեր կերած մսի ու լոլիկների ի՞նչն էր «սխալ»։ Հասկանալու համար պետությունը պետք է իմանա` ինչ ճանապարհ են դրանք անցել դաշտերից ու մարգերից մինչև մեր ափսե հասնելու համար։ Ինչո՞վ ու ե՞րբ են հիվանդացել կովերը, ինչպե՞ս են պատվաստել կենդանիներին, ինչո՞վ են մշակել լոլիկները։

Երբ բոլոր այգիներն ու դաշտերը ցուցակավորվեն, հասկանալի կլինի` որ գյուղացին ինչքան պեստիցիդ է գնել, հատկապես ինչ քիմիկատներ է օգտագործել, ինչով է հողը պարարտացրել, չափն անցել է, թե ոչ։ Քանի որ հետո այդ ամենը մեր ապուրի մեջ է հայտնվելու։ Ու ոչ միայն մեր, այլ նաև մոսկովյան կամ ռոստովյան (մեր արտահանվող միրգն ու բանջարեղենը գրեթե ամբողջությամբ Ռուսաստան է ուղարկվում)։ Իսկ այդպիսի համակարգով ավելի հեշտ կլինի նաև Եվրոպա արտահանել։

Դրա համար պետք է գյուղատնտեսական համընդհանուր ցուցակագրում իրականացնել, որն ուզում է անել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Այժմ անհրաժեշտ գումար են փնտրում, լրագրողներին այս մասին հայտնեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը։

Խաղողի այգիների համար նախատեսված փորձնական նախագիծն արդեն սկսել է իրականացնել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Սկզբում արբանյակներից ու անօդաչուներից կնկարահանեն, հետո արդեն գետնի վրա կշրջեն, կցուցակավորեն տեսակները և այլն։ Դա թույլ կտա հասկանալ սեղանի խաղողի, իսկական գինու և կոնյակի քանակը։

«Հիմա մենք ծրագիրը գյուղատնտեսական ամբողջ սեկտորի վրա տարածելու հնարավորություն ենք փնտրում», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Սակայն սկսելու համար անասնաբույժներն ու գյուղատնտեսները գոնե որևէ տվյալներ պետք է ունենան։ Նրանք պետք է (գոնե մոտավորապես) իմանան` ինչպես են իրենց զգում չորքոտանի ու բուսական «հիվանդները», որոնք ապրում են նրանց պատասխանատվության տակ գտնվող գյուղերում (որպեսզի հետագայում հիվանդների դերում մենք չհայտնվենք)։

Տարեվերջին խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որի համաձայն` հանրապետությունում չպետք է մնա գյուղ, որ անասնաբուժական սպասարկում չունենա (գյուղեր կան, որոնցում մինչև հիմա հաստիքային անասնաբույժ ու գյուղատնտես չկա)։

Տվյալների նոր համակարգը պետք է վստահելի ձեռքերում լինի։ Դրա համար (ինչը պակաս կարևոր չէ) հենց նույն ձեռքերում էլ պետք է նորմալ աշխատավարձ դրվի։ Քանի որ մեր ստամոքսների հանգստությունը դրանից է կախված։

armeniasputnik.am