Յենս Ուոլթերմանը 2015թ. հունիսից UWC International-ի («Միավորված աշխարհի քոլեջներ») գործադիր տնօրենն է: Յենսը Կանադայի UWC Փիրսոն քոլեջի 1985թ. շրջանավարտներից է: Նա աշխատել է Գերմանիայի UWC-ի ազգային կոմիտեի հետ 2006 թվականից, իսկ 2008-2015 թվականներին եղել է դրա ղեկավարը՝ հասարակական հիմունքներով: «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հետ համագործակցությամբ նա դարձել է Ֆրայբուրգի UWC Robert Bosch քոլեջի հիմնադիրներից մեկը, որը բացվել է 2014թ.:
Ո՞րն է ամենահրատապ հումանիտար հարցն աշխարհում:
Կարծում եմ, որ երկու կամ, միգուցե երեք հրատապ հումանիտար հարցեր կան, որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են միմյանց: Մեկը պատերազմներն ու ռազմական հակամարտություններն են ողջ աշխարհում, ինչպես նաև կրոնական ու արհեստականորեն կառուցված մշակութային տարբերություններով խթանված ռազմական հակամարտությունների վերսկսումը: Այս հակամարտությունների մեծ մասը թվում է, որ բավականին արհեստական են, քանի որ դրանց հետևում իշխանության ու ազդեցության դինամիկա է երևում, ինչպես նաև մարդիկ, ովքեր հետաքրքրված են ավելի շատ հակամարտությունների զարգացմամբ, այլ ոչ թե անհաղթահարելի տարբերություններ են առկա: UWC-ում մենք գիտակցում ենք, որ մարդիկ շատ լավ կարող են միասին ապրել, եթե նրանց հնարավորություն տրվի: Սակայն եթե կան խմբեր, որոնց խրախուսում են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց տարբերություններին, քան ընդհանուր մարդկությանը, ահա թե երբ են ծագում հակամարտությանները:
Երկրորդ մեծ հարցը, իմ կարծիքով, սովն է: Այս պահին սովի հետ կապված ողբերգական իրավիճակ է զարգանում հատկապես Արևելյան Աֆրիկայում: Եվ այնուհետև, իհարկե, փախստականների ճգնաժամը, որը սնվում է նշածս երկու ճգնաժամերից. Այսպիսով, զինված հակամարտությունները, սովը և փախուստը կյանքի անհնարին պայմաններից:
UWC-ն մի ծրագիր է մշակել, որը կօգնի կարգավորել կամ առնվազն մեր ներդրումն ունենալ փախստականների ճգնաժամի կարգավորման հարցում: Ծրագիրը նախատեսում է տրամադրել 100 ամբողջական կրթաթոշակներ ամեն տարի փախստական ուսանողների համար: Դա մեզ համար շատ կարևոր առաջնահերթություն է: Մենք տեսնում ենք, որ դա լիցքավորում է UWC-ի համայնքը: Մենք ցանկանում ենք աշխատել փախստականների հետ, ցանկանում ենք վստահ լինել, որ փախստականների տաղանդը նույն հնարավորություններն է ստանում, ինչ այլ ծագում ունեցող ուսանողներինը, ուստի այս նպատակով մենք հատուկ ծրագիր ենք մշակել, քանի որ ի վերջո անհնարին է սպասել մինչև փախստականն ինքը գտնի UWC-ին: UWC-ն պետք է գնա և գտնի փախստականներին, ովքեր տաղանդավոր են և աշխարհում ու իրենց համայնքներում իրապես ներդրում կատարելու ներուժ ունեն:
Կրթություն ստանալուց հետո նրանք կվերադառնան իրենց համայնքներ ու փոփոխություններ կբերեն: Հուսանք, որ դա կլինի այն ժամանակ արդեն, երբ այն հակամարտությունը, որից նրանք փախչել են, հաղթահարված կլինի: Շատ հաճախ դա առնչվում է նաև հասարակությունների վերակառուցմանը, և մենք դա կարող ենք տեսնել հիմա Հարավային Սուդանում, որ նույնիսկ հակամարտության ավարտից հետո, եթե չկան ոգեշնչված մարդիկ, ովքեր ցանկանում են համախմբել իրենց համայնքները, կարող են նոր հակամարտություններ զարգանալ կամ վերադարձ լինի դեպի հին հակամարտություններ:
Ո՞վ կարող է լավագույնս կարգավորել Ձեր նկարագրած ճգնաժամերը:
Կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այդ ճգնաժամերը, եթե հասարակության տարբեր մակարդակներն աշխատեն միասին: Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունները ներգրավվեն, քանի որ կառավարությունները տիրապետում են և կարող են օգտագործել մեծ քանակությամբ գումար կամ ծայրահեղ դեպքերում տեղաշարժել բանակներ: Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիական հասարակությունը ներգրավվի, քանի որ այն շատ ավելի ճկուն է մարտահրավերներին արձագանքելու առումով, քան կառավարությունները կարող են լինել: Սակայն ես նաև կարծում եմ, որ մենք ունենք կրթության կարիքը:
Մեզ անհրաժեշտ է երիտասարդների էներգիան, նրանց թարմ մտածողությունը, որպեսզի կարողանանք արձագանքել այս իրավիճակներին, քանի որ նրանք աշխարհին այլ աչքերով են նայում: Նրանք չունեն իրենց փորձառության կամ «սա անհնարին է», «մենք արդեն սա փորձել ենք» մտքերի գայթակղությունը: Նրանք իրավիճակին թարմ հայացքով են նայում են և օգտագործում են իրենց կրթությունը: Եթե նրանք ճիշտ կրթություն ստանան, նրանք կարող են այդ կրթությունն օգտագործել իրապես ստեղծագործական լուծումներ գտնելու համար: Ըստ իս՝ սա բազմաշերտ լուծում է:
Այսինքն՝ այլ կերպ ասած դա «երախտագիտությունն՝ ի գործ»-ն է:
Անշուշտ, «շրջանավարտներն՝ ի գործ» և «երախտագիտությունն՝ ի գործ»:
Ի՞նչ եք կարծում «Ավրորայի» նման մարդասիրական նախաձեռնություններն արդյունավետ են ազդեցություն գործելու իմաստով:
Կարծում եմ՝ «Ավրորան» խիստ ազդեցիկ հետագիծ է թողել, նույնիսկ իր շատ կարճ պատմության ընթացքում: Մի նախաձեռնության համար, որն ընդամենը երկու տարեկան է, այն հսկայական միջազգային ուշադրություն է գրավել, այսպիսի ներգրավում դիմորդների առումով, մրցանակին առաջադրվածների առումով, ոգեշնչման իմաստով նման ազդեցություն հասարակական կազմակերպությունների ոլորտում…
Մենք մշտապես մոռանում ենք, որ նույնիսկ մի քանի մարդու կամ մի քանի կազմակերպությունների հասնելը և հույս ես ներշնչելն այն ամենակարևոր գաղափարն է, որ մղում է մարդկանց դեպի բարդ իրավիճակներ, որոնք փոփոխության կարիք ունեն: Կարծում եմ՝ Ավրորան բացառիկ հաջողությունների է հասել իր կարճ պատմության ընթացքում` հույսի ալիքներ փոխանցելով աշխարհի տարբեր տարածաշրջաններ, և ես համոզված եմ, որ այդ նույն երևույթին շատ ավելի ենք առնչվելու գալիք տարիներին:
Մոտավոր պատկերացում ունե՞ք, թե ով կցանկանայիք լիներ «Ավրորա» մրցանակի հաջորդ տարվա Ձեր թեկնածուն:
Մի կազմակերպություն կա, որն, այսպես ասած, դուրս է եկել UWC-ից: Հնդկաստանում մի կենտրոն կա, որը հիմնադրել են Հնդկաստանի Մահինդրա քոլեջի ուսանողները: Այն օգնում է աղքատ համայնքների փոքր երեխաներին. նրանց տեղավորում է դպրոցներում և հիմա նրանք շուրջ 200 աշակերտ ունեն: Փոքր երեխաներ, ովքեր ամեն օր այնտեղ նախաճաշում են, մաքուր դպրոցական համազգեստ են ստանում, գնում են դպրոց, վերադառնում են կենտրոն, ճաշում են, իրենց տնային աշխատանքների հետ կապված օգնություն են ստանում, համակարգչային դասընթաց են անցնում կամ պարզապես խաղում են: Ժամը 5-ին նրանք վերադառնում են իրենց համայնքներ, որպեսզի մնան իրենց ընտանիքների հետ: Սա այն աստիճան է փոխել այդ երեխաների կյանքը, որ նույնիսկ նրանց աշակերտների առաջին սերնդից ոմանք, ում ընտանիքները երբեք չէին մտածի, որ իրենց երեխաները կրթություն կստանային, արդեն իսկ հաջող են դառնալ UWC-ի ուսանողներ: Հիմա նրանք արդեն ամենալավերի լիգայում են, աշխարհում ամենամեծ ներուժ ունեցող ուսանողներից են: Կարծում եմ՝ սա փոփոխության հրաշալի պատմություն է և շատ ոգևորիչ է, քանի որ այս հիմնադիր աղջիկներն ընդամենը 17 տարեկան էին, երբ սկսեցին այս գործը: