Հաջողության հասնելու գաղտնիքները՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի, Սամվել Մարտիրոսյանի և Գարիկ Պապոյանի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հաջողության հասնելու գաղտնիքները՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի, Սամվել Մարտիրոսյանի և Գարիկ Պապոյանի

Որո՞նք են հաջողության հասնելու ուղիները, ինչպե՞ս շրջանցել հաջողության ճանապարհին հանդիպող խոչընդոտները և ինչպե՞ս հաղթահարել անհաջողության վախը: Այս հարցերն ուղեկցում են հաջողության ճանապարհին իրենց առաջին քայլերը կատարող բոլոր երիտասարդներին: Վերջիններս ունեն իրենց ոլորտներում կայացած և հաջողակ անձանց խորհուրդներն ու մեկնաբանությունները լսելու, նրանց հետ փորձով փոխանակվելու կարիք: Հենց այդ նպատակով էլ արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացվում է «Step by step with successful people» կոնֆերանսը:

«Կոնֆերանսը հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին դառնալ ավելի խելացի և օգտագործել սեփական կարողություններն առաջ շարժվելու համար: Մեր կազմակերպությունը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում մասնակցել կոնֆերանսին և զարգացնել ինչպես՝ անձնական,այնպես էլ՝ բիզնես գիտելիքները»,- պատմում են կոնֆերանսն իրականացնող «Համախմբված երիտասարդական միության» ներկայացուցիչները:

14658238_10207864716320034_1862036174_n

Հաջողության հասնելու իրենց փորձով այս անգամ կիսվում էին հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, դերասան, հաղորդավար Գարիկ Պապոյանը և տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
samvel-martirosyan

Կոնֆերանսի նախագահ Զառա Թորգոմյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ առաջին կոնֆերանսում կազմակերպիչներն ընտրել էին բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներին, իսկ այս անգամ ընտրվել են մարդիկ, ովքեր կայացած են իրենց ոլորտում, ունեն հարուստ փորձ և հետաքրքրում են երիտասարդներին:

«Առհասարակ, միջոցառումը նպատակ ունի իրականություն դարձնելու հաջողության հասած և հաջողության ճանապարհին գտնվող անձանց հանդիպումը: Հնարավորություն ենք տալիս մասնակիցներին ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները: Դրա համար ստեղծում ենք մտերմիկ միջավայր՝ անկաշկանդ հարցազրույց-զրույցի համար»,- պատմում է Զառան:

Եթե նախորդ կոնֆերանսին հարցազրույցները վարում էին կամավորները, ապա այս անգամ ընտրվել էր ոչ պակաս հայտնի և հաջողակ մարդ: Կոնֆերանսը վարում էր «ArmComedy» նախագծի հեղինակ-վարող, սցենարիստ Սերգեյ Սարգսյանը:

Ավելի քան 100 գրանցված մասնակիցներից միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեին միայն 250-ը:

Կոնֆերանսի բանախոս Նազենի Հովհաննիսյանը նշում է, որ հաջողության հասնելու համար ամենակարևոր բանն անընդհատ շարժման մեջ լինելն է: Պետք է ազատություն տալ սեփական մտքերին, գաղափարներին և երբեք չհարմարվել ստեղծված իրավիճակներին և պայմաններին:

nazeni-hovhannisyan

Ըստ Գարիկ Պապոյանի՝ հաջողության հասնելու բանաձևը պետք է կազմված լինի սեփական ուժերի ճիշտ գնահատումի, տաղանդի և համառ աշխատանքի հանրագումարի միջոցով:

garik-papoyan

Սամվել Մարտիրոսյանը բոլոր ներկաներին խորհուրդ տվեց չկառչել կոնկրետ սահմանումներից և բանաձևերից:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ հաջողության ճանապարհին կարևոր է ունենալ սեփական օրինակը, քանի որ յուրաքանչյուր ոք անհատականություն է, և ինքը պետք է որոշի, թե ինչի է ուզում հասնել:

Սիրարփի Աղաբաբյան