այաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2017 թվականին հաշվառվել է 2889 հրդեհ` 1 017 546 548 դրամ նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 54 մարդ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնաթերթի կայքում։
2016 թվականին հաշվառվել էր 2367 հրդեհ` 796 366 590 դրամ նյութական վնասով, զոհվել էր 17 և վնասվածքներ ստացել` 46 մարդ: Այսպիսով, 2016 թվականի համեմատ 2017 թվականին հրդեհների քանակն աճել է 522-ով (22,1%), նյութական վնաս չափը՝ 264 886 861 դրամով (33,3%), վնասվածք ստացածների քանակը 8-ով (17,4%), իսկ զոհերի թիվը նվազել է 11-ով (64,7%):
Հրդեհների քանակը նվազել է միայն Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: Հրդեհների 47,5%-ը տեղի է ունեցել բաց և խոտածածկ տարածքներում, 28,3%-ը՝ բնակելի հատվածում, 9%-ը՝ ավտոմեքենաներում, 3,1%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, 12,1%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում:
Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են. կրակի հետ անզգույշ վարվելը` 62,2%, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 17,9%, երեխաների խաղալը կրակի հետ` 6,4%, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 2%, հրկիզումները՝ 1,7%:
Հրդեհների 48,9%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 51.1%-ը` գյուղական բնակավայրերում: Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 82-ը խոշոր են (նյութական վնասի չափը գերազանցում է երկու միլիոն դրամը), որոնց պատճառած նյութական վնասը 670 738 627 դրամ է՝ ընդհանուր նյութական վնասի 63,2%-ն է: 2016-ին գրանցվել էր 69 խոշոր հրդեհ:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը 2017 թվականին դատաքննչական մարմիններ է ուղարկել 177 հրդեհի նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 40 դեպքում: Կազմակերպվել են հակահրդեհային քարոզչական բնույթի 200-ից ավելի ելույթներ տարբեր հեռուստա և ռադիոընկերությունների եթերներում: 100-ից ավելի տարբեր նշանակության օբյեկտում իրականացվել են հակահրդեհային թեմաներով զրույց-զեկուցումներ:
Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 800-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին:
Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 8 անձ տուգանվել է՝ ընդհանուր 9 միլիոն դրամի չափով: Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող 46 ընկերության տրվել է կարգադրագիր՝ առկա թերությունները վերացնելու համար:
Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 148 քաղաքացի և 173 պաշտոնատար անձ՝ գանձված գումարի ընդհանուր չափը՝ 12 520 000 դրամ: