Պատմաբան Ռուբեն Շուխյանն Facebook-յան իր էջում գրում է. «Արշո Շահխաթունին՝ Զորավար Անդրանիկի դերում… Ներկայացվող լուսանկարում առաջին հայ կինոդերասաններից մեկն է, Արշո (Աշո) Շահխաթունին՝ հայ ազգային-ազատագրական պայքարի մեծ հերոս Անդրանիկ Օզանյանի դերում: Նկարի վրա առկա է դերասանի ինքնագիրը՝ ռուսերենով: Մեկ ժամ տևողությամբ «Անդրանիկ» խաղարկային համր ֆիլմը, որի ռեժիսորը, սցենարիստն ու գլխավոր դերակատարը Արշո Շահխաթունին էր, նկարահանվեց 1928 թվականին Փարիզի «Արմենիա-Ֆիլմ» կինոստուդիայում և Ֆրանսիայում մեծ էկրան բարձրացավ մեկ տարի անց: Ներկայացվում է նաև «Անդրանիկ» ֆիլմի գովազդային պաստառը:
Երևանում ծնված, դերասանական ընտանիքում մեծացած և Թիֆլիսի ռազմական ուսումնարանն ավարտած Արշո Շահխաթունին զարմանալի ճակատագիր է ունեցել: Դեռևս 1913-14 թթ. նա նկարահանվում է Մոսկվայում՝ Ալեքսանդր Խանժոնկովի կինոստուդիայի մի շարք ֆիլմերում:
Զինվորական մասնագիտությունը կրկին պետք է գալիս Շահխաթունուն 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին. Հայրենիքի համար այդ վճռորոշ պահին Շահխաթունին, լինելով Երևան քաղաքի պարետը, մեծ աջակցություն ցուցաբերեց Երևանի նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանի ղեկավարած արտակարգ շտաբին` իր ավանդը ներդնելով Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում: Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Շահխաթունին արտագաղթում է Եվրոպա և հաստատվում Փարիզում:
Այստեղ նորից փայլում է նրա կինոդերասանի տաղանդը՝ 1920-30-ականներին Արշո Շահխաթունին նկարահանվում է մի շարք ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերում և բավականին մեծ համբավ ձեռք բերում Ֆրանսիայի կինոբոհեմում»: