Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար:
2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ին, մուտք է գործել գրասենյակ, բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն առնչություն է ունեցել վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, հստակեցվել նրա դերակատարության աստիճանը։ Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս 2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ, ով Երևանի բնակիչ է, իսկ գողությունը կատարվել է երկու փուլով։
Նախ՝ 2017թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան՝ մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը: Ապա՝ պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին, մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են կառավարչի կողմից դեկտեմբերն 29-ին հափշտակված գումարը և ոսկյա զարդերը։ Քրեական գործով ձեռնարկված օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ կառավարչի խնդրանքով դրանք իր տանն է թաքցրել Շիրակի մարզի 1981թ. ծնված բնակիչը։
Վերջինս կառավարչի խնդրանքով դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հանդիպել է նրան և իմանալով կատարված հափշտակության մասին՝ գողոնը տեղափոխել է Ախուրյան և թաքցրել իր տանը, ինչը հայտնաբերվել և առգրավվել է հունվարի 4-ին։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շիրակի մարզի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև մասնաճյուղի կառավարչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Երևանի բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: