Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գոհարիկ Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
47-ամյա Գոհարիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գոհարիկը նպաստել է հայ մարմնավաճառուհիների կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելուն:
Ըստ դատական ակտի՝ Գոհարիկը 1993 թվականին ամուսնացել է նոյեմբերյանցի երիտասարդի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, նրանք արդեն չափահաս են:
Ամուսնությունից ու երեխաներ ունենալուց կարճ ժամանակ անց Գոհարիկն ամուսնալուծվել է, երեխաները մնացել են նրա խնամքին:
Գոհարիկը բազմիցս մեկնել է Թուրքիա՝ այնտեղ բնակվող քրոջ մոտ: Հետագայում Գոհարիկն էլ է մշտական բնակություն հաստատել Թուրքիայի Սպարտա քաղաքում:
Նա ծանոթացել է հայ մարմնավաճառուհիներ Քրիստինեի, Գյուլնարայի հետ: Մինչ այդ՝ Քրիստինեն իր ընկերուհի Ժաննայից իմացել էր, որ նա մարմնավաճառությամբ զբաղվելու համար մեկնում է Թուրքիա, և այնտեղ նրան օգնում՝ հաճախորդներով ապահովում է Գոհարիկ Ք.-ն: Քրիստինեն նույնպես ցանկություն է հայտնել Ժաննայի հետ Թուրքիա մեկնել և նույն գործով զբաղվել:
Պայմանավորվածության համաձայն Քրիստինեն ու Ժաննան 2015-2016 թվականների ընթացքում մի քանի անգամ մեկնել են Թուրքիա, նրանց դիմավորել է Գոհարիկ Ք.-ն:
Վերջինս Քրիստինեին ծանոթացրել է «աշխատանքային պայմաններին», և առաջին օրվանից Քրիստինեն զբաղվել է մարմնավաճառությամբ:
Հաճախորդներին ապահովել է Գոհարիկը՝ Քրիստինեի ու Ժաննայի վաստակած գումարից հանելով կոմունալ ծախսերը, իսկ մնացած գումարը մարմնավաճառուհու և իր միջև բաժանելով հավասարաչափ:
Հետագայում Քրիստինեն Թուրքիա՝ Գոհարիկի մոտ մեկնել է նաև առանց Ժաննայի:
Հերթական անգամ Քրիստինեն զանգել է Գոհարիկին ու ասել է, որ հետը Թուրքիա է տանելու նաև ընկերուհուն՝ Գյուլնարային:
Ամբողջությամբ՝ arminform.ru