Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած 22 զինծառայող պարգևատրվեց Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերով: Պարգևատրման արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պարգևատրվող զինծառայողների ցանկը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Պարգևատրված զինծառայողները պաշտպանության նախարարի հրամանով նաև տասնօրյա արձակուրդ ստացան:
Պարգևատրման արարողության մեկնարկից առաջ շնորհավորական խոսք ուղղեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ: Բարի ավանդույթի համաձայն` հավաքվել ենք առաջնորդարանի կամարների ներքո, որպեսզի հնչեցնենք մեր աղոթքն առ Աստված` աղաչելով, որպեսզի նա պահի, պահպանի հայոց բանակը, հայ զինվորին, սպային, որպեսզի միշտ խաղաղությամբ պահի մեր սուրբ նահատակների հոգիները: Սուրբ Սարգիսը երիտասարդների և սիրահարների բարեխոսն էր, իսկ բարեխոս նշանակում է լինել օժանդակող ընտանիք կազմելուն: Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ և տոկունությամբ: Սուրբ Սարգիսն անձնուրաց զորավար էր, և բազում սերունդներ դաստիարակվել և պահել են մեր հայրենիքը նրա օգնությամբ, նրա օժանդակությամբ, և նա միշտ օգնության է հասել շատերին իրենց դժվարության ժանանակ»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:
Դիմելով դահլիճում ներկա զինվորներին` ՀՀ Նախագահը ցանկություն հայտնեց, որ նրանք մշտապես գիտակցեն , որ մեր ժողովրդի հավերժության ճանապարհի այս հատվածում նրանց է բախտ վիճակվել պաշտպանել հայրենիքի սահմանները: «Իրոք, դա բախտավորություն է, մեծ պատիվ է, և ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ հազարավոր հայ զինվորներին, ովքեր պատվով են կատարում իրենց այս պարտքը: Ես ցանկանում եմ ձեզ բարի ծառայություն մաղթել, ցանկանում եմ, որպեսզի հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն, որովհետև դուք արժանի եք լավ կյանքի: Տեսնում եք, որ մեր պետությունը կարիք ունի ոչ միայն ձեր ծառայության, այլ նաև կանգնում է ձեր կողքին: Ձեզանից յուրաքանչյուրը ծառայությունից հետո կրթություն ստանալու, մասնագիտություն սովորելու հնարավորություն է ստանալու: Այս ամբողջ ճանապարհին պետությունը ձեր կողքին է լինելու: Դուք եք, որ տարիներ հետո հայ երիտասարդներին, հայ զինվորին ասեք, որ նրանց պարտականությունն է հայրենիք պաշտպանելը, իսկ մեր բոլորիս պարտականությունն է նրանց կողքին կանգնելը: Սա է իմ պատգամը ձեզ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը դիմեց նաև պարգևատրգվող զինծառայողների ծնողներին, ովքեր ներկա էին դահլիճում: «Սիրելի ծնողներ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ այսպիսի զավակներ դաստիարակելու համար: Շատ լավ հասկանում եմ, թե ինչ դժվարություններով պահել, պահպանել, մեծացրել եք այս տղաներին, և մի կողմից հպարտությամբ, մյուս կողմից սրտի թրթիռով եք ուղարկել հայկական բանակ: Հայ մոր պատմական առաքելությունն է սա եղել, հակառակ պարագայում մենք կմնայինք պատմության ճանապարհներին այնպես, ինչպես մնացել են բազում ժողովուրդներ: Եվ թող ձեզ մեր հասարակության երախտագիտությունը միշտ ուղեկցի: Ես խնդրում եմ մի լսեք տարբեր ասեկոսեներ: Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե կողքինին նայելով, այլ իր մտածելակերպով, իր բարոյական կերպարին համապատասխան: Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր քաջարի զավակները ունենան բոլոր անհրաժեշտ միջոցները հայրենիքը պաշտպանելու համար: Համոզված եղեք, որ գալու է մի ժամանակ, որ էլի կարիք է լինելու հայրենիքի պաշտպանի, սակայն իրավիճակը բոլորովին այլ է լինելու: Եվ այդ ժամանակ բոլորիս հպարտության աստիճանը լինելու է այնպիսին, որ մեզ հնարավորություն է տալու երջանիկ զգալ»,- ասաց Նախագահ Սարգսյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հիշեցրեց, որ հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշելու է հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: «Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի միասնության, հավաքական կամքի, նվիրվածության և հայրենասիրության արգասիք է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է, հաղթանակած և կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություններով: Մեր բանակը կայացավ հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայրենյաց սահմաններն առ այսօր կայուն են և անխոցելի»,- ընդգծեց նա:
Պարգևատրման արարողությունից հետո զինծառայողների անունից շնորհակալական խոսք հղեց սերժանտ Տիգրան Աբրահամյանը: «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ և պատվով ապրելու համար, և չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայոց բանակի բոլոր զինվորների անունից հավաստիացնում եմ` վստահ եղեք` արյունով գծված մեր սահմաններն անառիկ ու անսասան ենք պահում: Ցանկանում եմ ներկա գտնվող զինվորների անունից երախտիքի ջերմ խոսքեր հնչեցնել մեր ծառայությունն այսպիսի գնահատականի արժանացնելու համար: Հաճելի է, երբ նվիրված ծառայությունը գնահատվում է: Սակայն այդ գնահատականը մեզ համար էլ է պարտավորեցնող, որպեսզի ավելի մեծ պատասխանատվությամբ կատարենք մեր պարտականությունները»,- ասաց Տիգրան Աբարահամյանը:
Ծնողների անունից շնորհակալական խոսք հղեց պարգևատրված զինծառայողներից մեկի մայրը` Կարինե Այվազյանը:
«Սուրբ Սարգիսը լուսավորության, անձնազոհության խորհրդանիշ է մեր երիտասարդների համար: Մեր երիտասարդներից շատերն այսօր բանակում են և իրենց նվիրված ծառայությամբ ամուր են պահում հայրենիքի սահմանները: Սուրբ Սարգիսը սիրո խորհրդանիշ է, իսկ սիրո ուժն անհաղթ է: Սիրո ստեղծած գործերն անհաղթ են, անբեկանելի, իսկ մեր զինվորներն առաջնորդվում են սեր առ Աստված, սեր առ հայրենիք, սեր առ ժողովուրդ պատգամով»,- ընդգծեց նա:
Կարինե Այվազյանը դահլիճում ներկա բոլոր ծնողների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ բարձրագույն ղեկավարությանը Սուրբ Սարգսի տոնն իրենց զավակների հետ նշելու հնարավորության և նվիրված ծառայության համար իրենց որդիներին նման պատվի արժանացնելու համար:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները պարգևատրվում են երրորդ տարին անընդմեջ: