Որպես կանոն՝ երեխան վախենում է քնել, քանի որ լռության և դադարի մեջ արթնանում են տագնապն ու անհանգստությունը, որոնք կապված են ինչ-որ իրադարձությունների և ապրումների հետ, որոնք երեխան չի նկատում՝ ցերեկային լեցուն առօրյա ունենալու պատճառով: Քնի հետ կապված վախերն անմիջական կապ ունեն մթության վախի հետ: Եվ եթե երեխան տևական ժամանակ ունենում է մթությունից վախ և հրաժարվում է քնել, ապա պետք է ուշադիր լինել, քանի որ նրա վարքը մատնանշում է իրական անհանգստացնող երևույթի մասին: Չի խրախուսվում այն, որ երեխայի վախը փորձում են արժեզրկել՝ ասելով, թե ոչինչ չկա վախենալու: Դա ամենասխալ մոտեցումն է, որն ավելի է ամրապնդում բացասական հույզերը՝ առաջացնելով միայնակության զգացում: Անարդյունավետ է նաև, երբ երեխայի հետ միասին՝ վախը տեղավորում են փուչիկի մեջ և բաց թողնում երկինք՝ ներշնչելով, որ վախը հեռացավ, կամ փոքրիկին խնդրում են վախի ժամանակ մտածել դրական բաների մասին: Այս ամենը տանում է վախի արտամղման, սակայն մեր հոգեկանն այնպես է կառուցված, որ արտամղված հույզերը միշտ մի ելք գտնում են արտահայտվելու, մինչև որ իրենց նկատեն և կարևորեն:
Ծնողներից շատերը խնդրի լուծումը գտնում են երեխային իրենց անկողին տեղափոխելու մեջ: Միգուցե նման քայլով մի փոքր կարելի է մեղմացնել գիշերային քնի տագնապային լինելը, սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլ մեկ խնդիր ևս՝ ծնողների անկողնում քնելը, ավելանում է: Ելքերից մեկը, որ ծնողը տեղափոխվի երեխայի սենյակ՝ խնդիրը թողնելով ակտուալ և այն լուծելով՝ առանց սենյակից փախչելու: Դա հնարավորություն է տալիս երեխային դեմ գնալ վախին՝ իր ետևում ունենալով ծնողի աջակցությունը: Երեխայի մոտ զարգանում է խնդիրը հաղթահարելու և լուծելու ունակություն, ինչը հետագայում կամրապնդվի՝ որպես դրական և առողջ անձնային որակ: Առաջին քայլը՝ դեպի վախի հաղթահարում և քնի կայունացում, սկսվում է երեխային անհանգստացնող երևույթի մասին սովորական զրույցից: Հնարավոր է, որ նա տեսնում է մղձավանջներ, որի պատճառով վախենում է քնել: Հնարավոր է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, որը երեխան թաքցնում է, ինչն էլ հանգեցնում է միայնակության և վախի: Բացահայտելով պատճառը՝ կարելի է արժեզրկել կամ ընդհանրապես ձերբազատվել երեխայի վախից: Այնուհանդերձ, եթե բախվել եք նման խնդրի հետ, ապա այն հարթելու համար կան մի քանի միջոցներ՝ հարցեր, որոնք մեծ տեղեկատվություն կտան երեխայի վախի բնույթի մասին: Օրինակ. երեխային հարցրեք՝ քնելիս ինչի՞ մասին է մտածում, ծնողների հետ կապված ի՞նչ անհանգստություն նա ունի: Շատ հաճախ, ամուսնալուծվող ծնողների երեխաները՝ քնի հետ խնդիրներ ունենալով, ենթագիտակցորեն ցանկություն են ունենում ծնողներին վերամիավորել, որպեսզի նրանք օգնեն հաղթահարել իր խնդիրները: Երեխային պետք է հարցնել նաև վախի ժամանակ առաջացող հույզի մասին: Ծանո՞թ է նա այդ հույզին, թե՞ առաջին անգամ է ապրում: Նմանատիպ հարցերը բազմատեղեկատու կարող են լինել՝ դուրս բերելով երեխայի ներքին պահանջները և անհանգստությունները:
Քունը կարող է տագնապային լինել նաև հայտնի գիշերային մղձվանջների պատճառով, քանի որ մղձավանջները քնի խանգարման ցայտուն օրինակներից և պատճառներից մեկն են հանդիսանում: Եթե դիմեք մանկական հոգեբանի, ապա նա աշխատանքի ընթացքում երեխային կտա տեղեկություն, որ երազը ներքին հաղորդագրություն է, որը երեխան քնի ժամանակ փոխանցում է ինքն իրեն, սակայն միշտ չէ, որ այն մատչելի և հասկանալի հուշումներով է դրսևորվում, որի հետևանքով կարող է մի քանի անգամ կրկնվել նույն բովանդակությամբ: Եվ եթե ակնհայտ լինի այդ ներքին հաղորդագրության հիմք հանդիսացող խնդիրը, ապա այն կարելի է համարել լուծված:
Պատրիցիա Գարֆիլդը, ով հայտնի է երազների գիտական ուսումնասիրություններով, տվել է երեխաների մղձավանջների դասակարգում.
- Մղձավանջներ, որոնք պարունակում են հետապնդման և հարձակման բովանդակություն: Նման երազներում երեխան ունենում է զգացողություն, որ իրեն բռնել, վնասել, կերել կամ սպանել են:
- Մղձավանջներ, որտեղ կա ինչ-որ սարսափելի երևույթի առկայության զգացողություն: Լինում է զգացողություն, որ սենյակում կան հոգիներ, հրեշներ և այլ երևույթներ:
- Մղձավանջներ, որտեղ վնասվում են երեխային պատկանող իրերը: Այս դեպքում երեխայի հագուստը, տունը, դպրոցական պարագաները հանդիսանում են գողացված, կոտրված կամ անհետացած:
- Սարսափելի երազներ, որտեղ երեխան մոլորվել է և ունի հուսահատության զգացողություն:
- Հիասթափություն ներշնչող մղձավանջներ, երբ երեխան բախվում է անհաղթահարելի խնդրի:
- Շարժունակության անկարողություն հուշող մղձավանջ, երբ երեխան հասկանում է , որ չի կարող փախչել, բղավել կամ շարժվել:
- Սեփական կոմպետենտության հանդեպ տագնապայնություն առաջացնող մղձավանջներ, երբ երեխան երազում չի գտնում անհրաժեշտ դուռը կամ ինչ-որ իր: Սա նշանակում է, որ միգուցե նա ինչ-որ առարկայի յուրացում անավարտ է թողել և մտավախություն ունի դասարանցիների առաջ ձախողվելու:
- Աղետ հուշող մղձավանջներ: Դրանք երազներ են, որտեղ կա հրդեհ, ջրհեղեղ կամ երկրաշարժ:
- Երազներ այն մասին, որ երեխան մերկ կամ կիսամերկ գտնվում է հանրության առաջ և ունի սուր արտահայտված ամոթի զգացում:
Բոլոր այս մղձավանջային դասակարգումներն իրականում կապված են երեխայի կողմից ֆիլմի հատվածի, իրական դեպքի ականատես լինելու կամ ընտանեկան չլուծված խնդրի հետևանքով հոգեբանական տրավմաներ ստանալու կամ ներանձնային աններդաշնակության արտահայտումներ ունենալու հետ, որոնց միջոցով օրգանիզմն ու հոգեկանը մեզ հուշում են, որ երեխան գտնվում է անպաշտպան վիճակում և երազների միջոցով մեզնից օգնություն է հայցում: Այս ամենը պետք է դրդի ծնողին՝ ամեն փոքր անհանգստություն պարուրել մեծ ուշադրությամբ և աջակից լինել երեխային:
Կամիլա Խաչատրյան