Այսօր՝ հունվարի 29-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կնտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «աղիքային վարակ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Հարթաշեն գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Մարինե Բեգլարյանը, 14-ամյա Գարիկ Սարգսյանը, 58-ամյա Թամարա Սարգսյանը և 39-ամյա Վալերիկ Սարգսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք Հարթավան գյուղի իրենց տանը ընթրիքի ժամանակ կերել են իրենց կողմից պատրաստված, պահածոյացված ծաղկակաղամբ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: