Հունվարի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում իր վարած Opel Zafira մակնիշի 35 MF 684 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Դերենիկ Դավթյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն, պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սմբատ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի և Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և մարզի ոստիկանապետի, քննչական վարչության պետի և 3-րդ վաշտի հրամանատարի ուղեկցությամբ նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: