Մեր 100-րդ համարը. champord.am
Advertisement 1000 x 90

Մեր 100-րդ համարը. champord.am

«Ճամփորդը» հիմնելու առաջին իսկ օրվանից մենք գիտեինք, որ ցանկացնում ենք ստեղծել մի պարբերական, որը կդառնա իր ընթերցողների ընկերը, կզինի նրանց դրական նորություններով ու կփորձի դառնալ ինֆորմացիայի օգտակար աղբյուր։ Իր ընթերցողների նման՝ «ճամփորդը» նույնպես այս տարիների ընթացքում դժվարին ճանապարհ է անցել:

Երջանկության հարափոփոխության մասին գիտենալով, մենք առավել նախապատվելի ենք համարում ուրախությունը, գնահատում ենք այն՝ ու փորձում դրականը տեսնել անգամ ողբերգության մեջ: Ի տարբերություն հոռետեսների, որոնք ուզած տառապանք դիտարկում են իբրև իմաստազուրկ ու աննպատակ մի բան, մենք փորձում ենք նաև տառապանքի հաշվին հասու լինել մեր կյանքի իմաստին ու նշանակությանը: Հասու դառնալով ճշմարտությանը, մենք պարզորոշ գիտակցում ենք, որ հենց այդ իմաստն էլ աստիճանաբար փոխում է մեր կյանքը, այն դարձնում ավելի լավն ու բովանդակալի: Դա էլ իր հերթին անդրադառնում է թե՛ մեր անհատականության, թե՛ հասարակության վրա ընդհանրապես: Դա խոսում է գիտակից ընտրության մասին, ընտրություն, որը ենթադրում է անձնական պատասխանատվություն, ինչը անդադար բողոքելուց, ուրիշներին մատնացույց անելուց և քավության նոխազ փնտրելուց ավելի գերադասելի է: Մենք կարողացանք գտնել թիմի այնպիսի անդամների, որոնք համակարծիք են մեր գլխավոր նպատակի հետ, որոնք ցանկանում են ինֆորմացիոն «ասֆալտների» արանքներում տեսնել այն համառ ծաղիկները, որոնք շարունակում են աճել ու ձգվել դեպի արևը, և հոգ տանել այդ ծաղիկների մասին։ Մենք փորձում ենք ծաղկաքաղ անել, իսկապես, բայց՝ առանց քաղելու, քանի որ փորձում ենք խնամել «դրական բույսերը»՝ մեր հետևողականությամբ, մեր օգնությամբ ջրելով ու նորանոր լուծումներ մտածելով։ Լավատեսությունը բնավորության գիծ լինելուց բացի նաև որոշում է։

Մեր խմբագրությունում հավաքված են մարդիկ, որոնք որոշել են լավատես լինել։ Սա չի նշանակում չտեսնել վատը, անարդարը, թերին։ Սա նշանակում է ամրացնել մեր «ուժեղ» կողմերը, կենտրոնանալ միայն լավի վրա ու հնարավորինս տարածել այն։ Սա այն է, ինչ շատ է պակասում Հայաստանում, մենք չափազանց շատ ենք կենտրոնանում բացասականի վրա՝ չհասկանալով, որ բացասականը քչացնելու համար պետք է ավելի շատ տարածել մեզ շրջապատող դրականն ու ստացվածը։ Մեր թերթը որոշեց ռիսկի գնալ ու փորձել, գուցե իրո՞ք ստացվի մարդկանց մեր տրամադրությամբ վարակել, գուցե կարողանա՞նք «քարոզել» լավատեսությունն ու սերը։ Ձեր ձեռքում բռնած այս համարը թերթի հոբելյանականն է՝ 100-րդը, և թիվն արդեն իսկ ապացուցում է․ մեզ մոտ ստացվել է։

Ինչ խոսք, առանց փշերի ճանապարհներ չեն լինում։ Մենք դեռ շատ պետք է աճենք, ավելի շատ պետք է կրթվենք ու հնարավորինս ավելի լավ պատմություններ գտնենք մեր սիրելի ընթերցողների համար։ Շուտով լրանում է նաև թերթի երկու ամյակը, և մենք շարունակում ենք աշխատել նույն սիրով ու վստահությամբ, հավատով, որ մեր հնարավորությունների չափով կարողանալու ենք աշխարհը դեպի լավը փոխել։ Այս տոնական խոսքով ես և իմ գործընկերները ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր ընթերցողներին, որոնք սիրում, հետևում ու սպասում են մեզ, որոնք զանգահարում են մեր խմբագրություն ու կիսվում իրենց խնդիրներով ու մենք էլ փորձում ենք հնարավորինս օգնել նրանց՝ հոդվածների տեսքով։ Շարունակելու ենք նույն կերպ՝ էլ ավելի ակտիվ, հետաքրքիր ու ուսուցողական հոդվածներ ներկայացնելով։ Մեր թիմն աշխատանքի համար ունի երկու կարևոր «վառելիք»՝ սերն ու լավատեսությունը։ Մենք սիրում ենք այն, ինչ գրում ենք, ու գրում ենք այն ամենի մասին, ինչն իսկապես սիրելի է։ Եվ լավատեսությամբ ենք վերաբերվում մեր քաղաքին, հայրենիքին ու անգամ՝ թերություններին ու բացթողումներին։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։

Սիրով՝ ձեր Արիանա

champord.am