Հունվարի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 ԼR 859 համարանիշի և Volvo մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա 2 ուղևորները քաղաքացիների և ճանապարհաին ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արագածի հրշեջ-փրկարարերն ու Արագածի շտապօգնության հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Հայկ Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով ոլորանապտույտ այդ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհն ամբողջովին եղել է անցանելի և ոչ մի խոչընդոտ, պատճառ չի եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: