«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: Ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին:
Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել:
«Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, և ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շարունակում է գործել, բայց այն չի շահագործվում Ափոյանների ընտանիքի կողմից:
Ինչպես հայտնի է` այժմ «Պարգև» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը:
Ի դեպ, «Պարգև» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է, որն էլ գնելով գործարանի գույքը և ապրանքանիշը` փոխել է իրավաբանական հասցեն, ապա ընկերությունը գրանցել է նույն անվան տակ, բայց Արցախում։