ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին ծովակալ Թրոյ Ամունդսոնը խոստովանել է, որ կաշառքներ է ստացել: Մասնավորապես, նա ստացել է խմիչք, ուտելիք, մարմնավաճառուհիների ծառայություններ, նրա համար երեկույթներ են կազմակերպել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Սան Դիեգոյի դաշնային դատարանում 50-ամյա տղամարդը նաև պատմել է, որ կոնֆիդենցիալ տեղեկատվություն էր փոխանցում մալազիացի Լեոնարդ Գլենն Ֆրենսիսին, ում ԶԼՄ-ները անվանել են «Հաստ Լեոնարդ»: Բացի այդ, ինքն օգնել է Սինգապուրում գտնվող նրա Glenn Defense Marine Asia ընկերությանը:
Ամունդսոնը ԱՄՆ ռազմածովային ուժերում կաշառակերության գործով 29 մեղադրյալներից մեկն է: Եվս 9 ֆիգուրանտներ իրենց մեղքը հերքում են: 2013թ. հոկտեմբերին առաջին հարցաքննությունից հետո նա իր էլեկտոնային փոստից հեռացրել էր «Հաստ Լեոնարդի» հետ իր ամբողջ նամակագրությունը: Սպասվում է, որ ապրիլի 27-ին դատարանը Ամունդսոնի գործով դատավճիռ կկայացնի: Նրան սպառնում է մինչև 5 տարվա բանտարկություն և տուգանք 250 հազար դոլարի չափով:
Հեռուստաալիքի տեղեկություններով, 2005- 2013 թթ. Ամունդսոնը եղել է ԱՄՆ-ի և այլ երկրների մասնակցությամբ անցկացվող ծովային ռազմական ուսումնավարժությունների համակարգման պատասխանատու:
Glenn Defence Marine Asia ընկերությունը 20 տարուց ավելի զբաղվում էր ասիական նավահանգիստներում ամերիկյան նավերի ապահովմամբ: Քննությունը պարզել է, որ այս գործով մեղադրյալ ամերիկյան զինվորականները՝ օգտվելով նավատորմի հրամանատարության հետ կապերից, իմանում էին ԱՄՆ ռազմական նավերի ու ստորջրյա նավերի տեղաշարժի մասին, իսկ հետո վերաուղղում դրանք նավահանգիստներ, որտեղ աշխատում էր Ֆրենսիսը: Դրա փոխարեն նա երեկույթներ էր կազմակերպում նրանց համար:
2013թ. սեպտեմբերին ԱՄՆ հատուկ ծառայությունները կալանավորել են «Հաստ Լեոնարդին», ով հետագայում դատապարտվել է խարդախության համար: