Ավտոբուսների համար առանձին երթուղի կլինի. մարդիկ կվճարեն մեկ անգամ անկախ տեղփոխից
Advertisement 1000 x 90

Ավտոբուսների համար առանձին երթուղի կլինի. մարդիկ կվճարեն մեկ անգամ անկախ տեղփոխից

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց նոր տրանսպորտային ցանցի ներդրման գործընթացից:

Գծերգծատերեր

Նոր նախագծով չեն լինելու լավ և վատ գծեր, գծատերեր: Ցանցը սպասարկելու է 42 ավտոբուսային երթուղի, գործող 115 երթուղու փոխարեն: Տրանսպորտը հասանելի է լինելու Երևանի ողջ ծածկույթում: Գործող ցանցի համեմատ նորը փոխլրացման սկզբունքով է գործելու և կրկնվող գծեր չեն լինելու: Դրա արդյունքում արդյունավետությունն է բարձրանալու, ծախսերն են նվազելու, բեռնաթափվելու են քաղաքի փողոցներն ու կանգառները: Նոր ցանցով երթուղիները շարունակելու են միմյանց: Նոր ցանցի շահագործումը ապահովելու է 939 մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներով՝ ներառյալ ռեզերվային քանակը: Ամբողջությամբ արդիականացվելու է տրոլեյբուսների պարկը:

Մեծ տեղատարողությամբ ավտոբուսները

Փոխքաղաքապետը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ մեծ ավտոբուսները խնդիրներ են առաջացնելու: Ուսումնասիրվել է միջազգային փորձը: Եվրոպական շատ քաղաքներում շահագործվում են մեծ ավտոբուսներ ավելի նեղ փողոցներում: Ցանցի անբաժանելի մաս է կազմում նաև որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիների ստեղծումը: Ցանցի մեկնարկին զուգահեռ պետք է ներդրվի մշակույթ, որ հասարակական տրանսպորտը Երևանի փողոցներում պետք է ունենա գերակայություն: Ցանցն այժմ նախագծային և փորձարկման փուլում է: Եթե պարզվի, որ որևէ փողոցում մեծ խնդիր է առաջանալու մեծ տեղատարողությամբ ավտոբուսների շահագործման դեպքում, մինչև ցանցի վերջնականացումը շտկումներ կիրականացվեն: Երթուղիների մոտ 49 տոկոսն առանց տեղփոխերի է լինելու: Խորհրդատուի առջև խնդիր է դրվել ունենալ օպտիմալ ցանց: Առաջարկվել է 18 մետրանոց ավտոբուսները շահագործել 11 երթուղում: Դրանց շահագործումը պարզ հաշվարկով ենթադրում է ծախսերի նվազեցում: Այս փուլում պետք է իրականացվի փորձարկում: 18 մետրանոց ավտոբուսներով երթուղիները շրջանցում են կենտրոնը: Եթե խնդիրներ առաջացնեն 18 մետրանոց ավտոբուսը, հնարավոր է դրանք փոխարինել 12 մետր երկարությամբ ավտոբուսներով:

Վճար

1 ուղևորության համար անձինք վճարելու են մեկ անգամ, անկախ նրանից, թե այդ ուղևորության ընթացքում քանի տրանսպորտ են փոխելու: Սա կարևոր սկզբունք է դրվել, անկախ նրանից, թե իր ուղևորությունն առաջացնում է տեղփոխերի անհրաժեշտություն: Ինչ վճարային տարբերակ կընտրվի դեռ հստակ չէ, խորհրդատուն աշխատում է այդ ուղղությամբ: Երևանի մետրոն ներառված է որպես ցանցի մաս և առաջարկվում է տեղփոխ իրականացնել նաև մետրոյով:

Երթևեկության արագությունը

Նոր ցանցով պետք է ամեն ինչ արվի, որ ուղևորափոխադրումն իրականացվի ավելի արագ, քան գործող ցանցով: Ցանցի մեկնարկին զուգահեռ կներդրվեն հավելվածներ, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք պլանավորել իրենց ուղևորությունը: Չվացուցակի կազմման համար հիմք են ընդունվել հասարակական կարծիքի հարցման արդյունքները: Նոր ցանցով հասարակական տրանսպորտի սպասարկման մեկնարկը նախատեսվում է իրականացնել ժամը 06:45-ին և ավարտել 24:00-ին: Ապահովվելու է 1 ժամ 15 րոպե ավելի սպասարկում, քան գործող ցանցով է իրականացվում: Առավոտյան 8-ից մինչև երեկոյան 7-ը ինտենսիվ սպասարկում է իրականացվելու՝ 5 րոպե հաճախականությամբ:

Վարորդներ

Նոր ցանցի շահագործման հետ կապված սահմանվելու են նոր չափորոշիչներ վարորդների նկատմամբ և ղեկին չծխելը կամ հեռախոսով չխոսելը նվազագույն պահանջներն են լինելու: Պահանջների լիարժեք ցանկը կսահմանվի գործընթացի հաջորդ փուլերում: Այս պահին հստակ է, որ վարորդների կրճատման վերաբերյալ խոսք չի կարող գնալ: Վարորդներն աշխատելու են հերթափոխով և հստակ գրաֆիկով, որի պարագայում հնարավոր է լինի վարորդների լրացուցիչ պահանջ:

Ցանցը փորձարկման փուլում է, առաջիկայում հնարավորություն կլինի ցանցը փորձարկել հավելվածի միջոցով: Առաջարկություններն ու թերությունները կուղարկվեն խորհրդատու կազմակերպությանը: Դեռ պարզ չի, թե ինչ տոմսային համակարգ է ունենալու ցանցը: Միայն համակարգի առկայության պայմաններում հնարավոր կլինի հաշվարկել սակագինը: Սակագինը մատչելի պահելու սկզբունքը շարունակում է մնալ քաղաքապետարանի առաջնահերթություններից: Վահե Նիկոյանը արձանագրեց, որ արդեն կա արդյունավետ, տնտեսող երթուղային ցանց: Այս տարի գործընթացում աշխատանքային տարի է լինելու: Նիկոյանը վստահ է, որ կստեղծվի արժանապատիվ տրանսպորտային համակարգ:

Ներդրումներ

Երևան համայնքը պատրաստ է ներդրումներն իրականացնել: Այժմ բանակցություններ վարվում են Եվրոպական ներդրումային բանկի հետ, որը լավ պայմաններով ֆինանսավորման պատրաստակամություն է հայտնել: Բոլոր դեպքերում միջազգային մասնավոր կազմակերպություն են ցանկանում ներդնել: Ներդրման արժեքը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմանում, որը պայմանավորված կլինի չափորոշիչներով: