Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel Astra մակնիշի 34 ZՏ 601 համարանիշի և Opel Vectra մակնիշի 26 ՏՕ 279 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ու Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատրիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների ՝ վթարի մեղավորը եղել է Opel Vectra-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: