ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից, շուկայում իրացվող և Ռուսաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար:
ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծառայությունը հրավիրում է սպառողների ուշադրությունը և առաջարկում ներկայացվող պիտակներով և 2017 թ. ապրիլի արտադրության (ժամկետի մեջ է մինչև 2018 թ. ապրիլ) խուրմայի վաճառքի դեպք արձանագրելու պարագայում չգնել այն և այդ մասին անմիջապես տեղեկացնել վերահսկող մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010206040 հեռախոսահամարով: