«Կապիտալը երկրից դուրս հանող ցանկացած մեծահարուստ վեր է ածվում ազգային անվտանգության համար ռիսկի»
Advertisement 1000 x 90

«Կապիտալը երկրից դուրս հանող ցանկացած մեծահարուստ վեր է ածվում ազգային անվտանգության համար ռիսկի»

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանցի օլիգարխների դեմ ամերիկյան պատժամիջոցների պատմությունը բացի նրանից, որ խիստ հետաքրքիր է, այլև խիստ ուսուցողական է։ Համենայն դեպս՝ պետք է լինի, հատկապես՝ մեր պետական համակարգի համար։

Միանգամից նշեմ, որ ես մեծ սկեպսիս ունեմ այն հիպոթեզի նկատմամբ, թե Հայաստանը կարող է շահել այդ պատժամիջոցներից, որովհետև ռուսաստանցի օլիգարխները իրենց կապիտալը կսկսեն դուրս բերել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող գոտիներից ու մի մասը կուղղեն այդ թվում նաև Հայաստանում ներդրումներ անելուն։ Ասեմ ավելին, եթե պատժամիջոցները կիրառվեցին ու զարգացումների տրամաբանությունը չփոխվի, ռուսաստանցի օլիգարխների ակտիվները ոչ մի տեղ էլ դուրս չեն բերվի, որովհետև ոչ ոք չի պատրաստվում թույլատրել դա, որ մի հատ էլ դրած չմորթած ցուլ եք կիսում։

Սա առաջին նման իրավիճակը չէ։ ԱՄՆ-ը Իրաքին այդքան հեշտ ծնկի բերեց այդ թվում նաև նրա համար, որ իրաքյան վերնախավի ու հատկապես՝ ռազմական վերնախավի վրա նույն գործիքը կիրառեց․ նրանց ասեցին՝ եթե չեք ուզում կորցնել օֆշորներում ու արևմտյան բանկերում դիզած ձեր միլիոնները, ուրեմն մոռացեք ձեր զինվորական երդման ու Սադդամին հավատարմության մասին։ Նույնն արեցին Լիբիայում, որին, ի դեպ, այդպես էլ չեն վերադարձրել «Քադաֆիի թալանած միլիարդները», որոնք սառեցվել էին։ Նույնն արեցին Սիրիայում ու այժմ էլ տասնյակ միլիարդավոր սիրիական ակտիվներ սառեցված են։

Անգամ Սաուդյան Արաբիան, որ ԱՄՆ-ի դաշնակիցն է ու ամերիկյան տնտեսության մեջ տրիլիոն դոլարից ավելի ներդրումներ ունեցող պետություն, չկարողացավ իր կամայականությամբ գործի համանման իրավիճակում։ Կհիշեք, որ ամիսներ առաջ տասնայկ արքայազններ ձերբակալվեցին՝ կոռուպցիայի, փողերի լվացման ու չարաշահումների մեղադրանքներով և նրանց ստիպեցին հետ բերել փողերը, բայց մինչև այդ սաուդյան իշխանությունները ԱՄՆ-ի հետ 0,5 տրիլիոն դոլարի ռազմական պայմանագիր կնքեցին։ Վստահ եմ՝ եթե չանեին, ոչ ոք նրանց չէր թողնի մատով դիպչել կոռումպացված արքայազնների արտասահմանյան ակտիվներին։

Առակս ինչ կցուցանե․ կապիտալը երկրից դուրս հանող ցանկացած մեծահարուստ ոչ միայն վնասում է երկրի տնտեսությանը, այլ ինքնին վեր է ածվում ազգային անվտանգության համար ռիսկի, որովհետև ինչ-որ հիպոթետիկ կրիտիկական փուլում նա կարող է դառնալ ազդեցության գործակալ՝ երրորդ պետությունների ձեռքում։ Ընդհուպ՝ մինչև սեփական պետության դեմ պայքարող տարրի։ Համենայն դեպս՝ վերջին 15-20 տարիների փորձը հստակ հուշում է, որ երբ մեծահարուստին, այն էլ՝ ապօրինի հարստցած մեծահարուստին դնում են սեփական պետության դեմ գնալու կամ էլ կարողության զգալի մասը կորցնելու երկընտրանքի առջև, ապա նա, որպես կանոն, ընտրում է առաջինը։ Իրաքի պարագայում դա նշանակեց անկախության կորուստ և օկուպացիա, Լիբիայի պարագայում դա նշանակեց պետության կազմալուծում, Սիրիայի պարագայում դա նշանակեց քաղաքացիական պատերազմ, իսկ մեր պարագայում դա կարող է նշանակել օրինակ՝ Արցախյան հիմնախնդրի խիստ ամոթալի հանգուցալուծում»։



Նման նյութեր