ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող ավտոմեքենաների վարորդները երթևեկության կանոնների ակնհայտ խախտմամբ չեն զիջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեքենայի վարորդին:
Նախարարին սպասարկող «ՊՆ 0001» և նրա թիկնազորին սպասարկող «ՊՆ 101» պետհամարանիշներով մեքենաները փետրվարի 3-ին Երևանի Աբովյան փողոցում 1 րոպեի ընթացքում երթևեկության կանոնների 3 խախտում են թույլ տվել:
Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նշված պետհամարանիշով մեքենաները կանգնում են Աբովյան-Կորյուն փողոցների հատման մասի լուսացույցի կանգ-գծի մոտ: Մեքենաները կանգնում են 4-րդ գծում: Ճանապարհային երթևեկության նշանների կահավորվածության համաձայն` այդ սեկցիայից երթևեկությունը թույլատրվում է բացառապես դեպի ձախ՝ Կորյունի փողոց, սակայն նախարարին ուղեկցող մեքենաները սլանում են ուղիղ՝ դեպի Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ: Այդ ընթացքում էլ «ՊՆ101» պետհամարանիշով մեքենան հասցնում է երկու անիվներով հատել կանգ գծին ուղղահայաց գծանշումը:
Այսքանով չբավարարվելով, նախարարին սպասարկող մեքենաները, հասնելով Աբովյան-Թումանյան փողոցների հատման մաս, կրկին նույն ձեւով խախտում են կանգ-գծին ուղղահայաց գծանշումը, որից հետո մեքենաները Պուշկինի փողոցից շարունակում են երթևեկությունը դեպի Հյուսիսային պողոտա: Ի դեպ, Վիգեն Սարգսյանը բնակվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վերը նշված խախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված է 5 հազար դրամ տուգանք, բայց քանի որ Ճանապարհային ոստիկանությունը «ջրում է» ՊՆ պետհամարանիշով մեքենաների խախտումները, ապա այս դեպքում ևս նախարարի վարորդները չեն տուգանվի: