Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Չարբախի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Ֆիշյանը:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Մինչ այդ Ֆիշյանը զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Չարբախի ոստիկանապետի պաշտոնը մի քանի օր թափուր էր: Ոստիկանապետի հրամանով պետի պաշտոնը զբաղեցնող Ջանիկ Մարությանն ազատվել էր զբաղեցրած պաշտոմից: Ընդհանուր առմամբ Գասպարյանի հրամանով բազմաթիվ ոստիկաններ են ազատվել աշխատանքից, մի մասն անցել է թոշակի մյուս մասը՝ կադրերի ռեզերվ:
Հիշեցնենք,որ կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշել էր. «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Այն էներգիան, այն աշխատուժը, որ մենք ծախսում ենք այն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձևափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ, այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք։ Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։