Ավանում հայտնաբերված տղամարդու մերկ դիակի ինքնությունը պարզվել է
Advertisement 1000 x 90

Ավանում հայտնաբերված տղամարդու մերկ դիակի ինքնությունը պարզվել է

Մինսկի փողոցին հարակից անվադողերի արտադրամասի տարածքում՝ ճահճաջրերի մեջ հայտնաբերված տղամարդու մերկ դիակի ինքնությունը պարզվել է:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին՝ , Երևանի բնակիչ Նորայր Մելքոնյանն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին նշված վայրում հայտնաբերվել էր դիակ, իսկ քիչ ավելի հեռու հայտնաբերվել էին նաև հագուստներ։ ՀՀ ՔԿ-ից մեզ հետ զրույցում նաև հայտնել էին, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ տղամարդու ինքնությունը և մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ փետրվարի 5-ին կատարված դիահերձման արդյունքում դատաբժիշկները որպես մահվան նախնական պատճառ նշել են «սուր սրտային անբավարարությունը, չափավոր արտահայտված աթերոսկլերոզը, կարդիոսկլերոզը»:

«Որոշում է կայացվել ստանալ ձեռքերի ափերի և մատների մաշկի գծանախշերի նմուշները՝ մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու համար»,- հայտնել էին ՔԿ-ից:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ մահացածի վերաբերյալ գործ է քննվել Կենտրոնի դատարանում, նա մեղադրվել է 34-176-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ Նորայր Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի՝ 2017թ. մայիսի 10-ին անցնելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի: Մտել է սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել է 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները:

Աշխատակիցներին տեսնելով` Մելքոնյանը դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից:

Գործը սկզբնական շրջանում գործը գտնվել է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Նախագահողը Նորայր Մելքոնյանի նկատմամբ բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ ամբաստանյալը դատական նիստերին չի ներկայացել: Ոստիկանությունը չի կարողացել ապահովվել ամբաստանյալի ներկայությունը դատական նիստերին և հայտնել են, որ «Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի 27-րդ բնակարանում Նորայր Մելքոնյան տվյալներով անձ չի բնակվում»։

Մեղադրողն էլ իր հերթին միջնորդել է Նորայր Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարել՝ պատճառաբանելով, որ շուրջ 3 դատական նիստ է ամբաստանյալն անհարկի չի ներկայանում դատարան:

Դատարանը որոշել է Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարել` նրան հայտնաբերելու դեպքում դատարան ներկայացնելու հանձնարարությամբ, սակայն 28.08.2017թ. դատարանը գործով վարույթը վերսկսել է՝ դադարեցնելով ամբաստանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ հայտնաբերված ամբաստանյալը պարտավորվել է ներկայանալ դատական նիստերին։

Որոշ ժամանակ անց գործով նախագահող դատավոր Մակյանն այլ դատարան է գործուղվել, և գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, և նախորդ տարվա հոկտեմբերի ամսից մինչ այսօր դատական նիստ չի կայացել: