Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում պատարստվում են տեղադրել պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանը:
Արձանին ու տեղին դեմ է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:
«Դրոշը անձնական հագուստ չէ, այն պատկանում է ազգին, ո՞նց են փաթաթում մեկ մարդու վրա: Արամ Մանուկյանը ոնց որ բաղնիքից դուրս եկած լինի: Հետաքրքիր է՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի արձանը 20 տարի հետո քանդակնեն որպես առաջին նախագահ, լրիվ մե՞րկ է լինելու: Քանդված երկիր էր բա: Ինչպե՞ս կարելի է նման բան անել: Ինչ ուզում են, թող անեն, մենակ թե դրոշի հարցը լուծեն: Ի՞նչ պատասխան պետք է տան, եթե Նժդեհը վերակենդանանա, ու ասի, բա իմ դրո՞շն ուր է: Բոլորը կարող են այդպես ասել: Աշխարհում ամենահզոր բանը պետությունն ու պետականությունն է, կատակել չի կարելի, մի՛ արեք»:
Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ ծանոթ է նաև մյուս էսքիզներին, լավը չկար.
«Շատ լուրջ գործ է, պետք է 3 տարի առաջ սկսեին: Մի քանի ամիս է մնացել, ջահել տղային գտել՝ ասում են՝ շուտ արա, ախր ո՞նց անի, սա արվեստ է»:
Asekose.am-ի թղթակցի հարցին, իսկ ինչո՞ւ ինքը՝ քանդակագործն էլ չի մասնակցել հայտարարված մրցույթին, Ֆերդինանտ Առաքելյանը պատասխանեց.
«Ինձ առաջարկ չի եղել, համ էլ ես չէի անի, հոգնել եմ»: