Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 8-ից ճանապարհներին վարորդների կողմից թույլ տված խախտումները կֆիքսեն նաև շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը:
Շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը կկիրառվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես` այն տարածքներում, որտեղ ծանր հետևանքներով ավտովթարների առաջացման ռիսկեր կան:
Դրանց գտնվելու վայրի մասին զգուշացնող որևէ նշան չի լինի, քանի որ փորձը ցույց է տվել, որ օրինախախտ վարորդները արագաչափի մոտ չեն գերազանցում արագությունը, իսկ սարքի տեսադաշտից դուրս գալու պահից հետո շարունակում են վարել թույլատրվածից բարձր արագությամբ` ինչն էլ հաճախ հանգեցնում է անդառնալի հետևանքների:
«Բոլոր վարորդներին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, մասնավորապես` արագության սահմանված ռեժիմը: Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանել բոլոր վայրերում անկախ այն հանգամանքից, թե տվյալ վայրի ճանապարհահատվածները վերահսկվում են տեսախցիկներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով»,- նշել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Շարժական արագաչափեր կիրառելու նպատակը ոչ միայն իրավախախտներ հայտնաբերելն ու վարչական պատասխանատվության ենթարկելն է, այլև վարորդների զգոնությունը կրկնապատկելը:
2018 թվականի հունվարին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 254 պատահար, զոհվել է 36, մարմնական վնասվածքներ ստացել 363 քաղաքացի: Ճանապարհային ոստիկանությունը այս մտահոգիչ պատկերների պատճառները գտնելու համար կատարել է մի շարք վերլուծություններ: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ ծանր հետևանքներով ՃՏՊ- երի հիմնական պատճառներն են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելն ու արագության գերազանցումը: Հունվարի առաջին օրերից սկսած ճանապարհային ոստիկանության կարգախմբերը գրեթե ամեն օր ուժեղացված ծառայություն են իրականացնում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներ հայտնաբերելու ուղղությամբ: