Վաղուց ապացուցված փաստ է, որ շատ հիվանդությունների հիմքը հանդիսանում են հոգեբանական ապրումներն ու հույզերը, որոնք խախտում են հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունը: Նույնիսկ արևելյան իմաստունները, դեռ շատ վաղ ժամանակներից, շեշտել են, որ հիվանդությունների պատճառները մարդը պետք է փնտրի իր կյանքի, շրջապատի հետ կառուցվող փոխհարաբերությունների և, վերջապես՝ ինքն իր մեջ: Սահմաններից դուրս նյարդայնությունը հանգեցնում է խնդիրների՝ կապված սրտի և անոթների հետ, ջղայնությունը վնասում է ատամները և լյարդը, շարունակական տխրությունը հանգեցնում է բրոնխիտի, քրոնիկ հազի, և այլն: Մանկական հոգեսոմատիկան իր դրսևորումներով չի տարբերվում մեծահասակների հոգեսոմատիկ արտահայտումներից: Բոլոր հոգեկան ապրումներն արտահայտվում են անդադար մրսածության և շղթայական հիվանդությունների միջոցով:
Առողջ մայրիկ՝ առողջ երեխա
Մայրանալ պատրաստվող կանանց, որպես կանոն, հորդորում են խուսափել սթրեսածին միջավայրերից, անցանկալի փոխհարաբերություններից, հուզական բացասական ապրումներից, քանի որ հոգեսոմատիկ խանգարումները երեխայի մոտ ձևավորվում են դեռ ներարգանդային փուլից: Երեխան, ով սիրված և սպասված է, գալիս է այս աշխարհ հանգիստ և հավասարակշռված: Հակառակն է այն փոքրիկի դեպքում, ում գոյությունը պլանավորված և ցանկալի չէ, և նրա բնականոն զարգացման մեջ լի են մայրական բացասական հույզերի առատ արտահայտումն ու ապրումները: Նման երեխաները, որպես կանոն, ծնվում են անհասիկ, լացկան և հիվանդություններին հակված: Նորածնային փուլում նման խնդիրները վերականգնողական հատկություն ունեն: Միակ պայմանը հետևյալն է՝ հանգիստ, առողջ և հավասարակշռված մայրիկ: Մոր և երեխայի կապը շատ ամուր է հատկապես զգայական մակարդակում: Կրծքի երեխան մորը հպվելիս անմիջապես զգում է նրա տրամադրության, ներաշխարհի փոփոխությունները և փորձում է՝ որպես մեկ մարմին, արտահայտել նույն մարմնական և հուզական դրսևորումները:
Մանկական հոգեսոմատիկան և մեծահասակի մոտ արտահայտվող հոգեսոմատիկան նույն խնդիրը հաղթահարելու տարբեր դրսևորումներ ունեն: Փոքրիկներն ի զորու չեն մտածողության և կյանքի փորձի համեմատման հիման վրա որոշակի հոգեկան ապրումներ կոմպենսացնել այլ գործողություններով: Նրանք ավելի խոցելի են և շուտ են մարմնական արտահայտման անցնում: Երեխան չի հասկանում, թե ինչ է կատարվում, նա միայն զգում է ճնշվածություն և անվստահություն, ինչն էլ հետագայում արտահայտվում է ինչ-որ հիվանդության տեսքով: Մայրիկները երևի նկատել են, թե որքան հաճախ են հիվանդանում նախադպրոցական տարիքի երեխաները, երբ սկսում են հաճախել պարտեզ: Իհարկե, կա իրական մրսածություն, վիրուսային հիվանդություններ, որ հիվանդության պատճառ են հանդիսանում, սակայն մեծ թվով երեխաների իմունիտետը միանգամից տեղի է տալիս, և նա սկսում է անընդհատ հիվանդանալ, նա զրկվում է ինքնապաշտպանումից, բաց և խոցելի է դառնում: Կամ՝ ունենում է տևական և բարձր ջերմություն՝ առանց պատճառի: Դա ազդանշան է, որ երեխան իրեն լավ չի զգում, և միակ ուշադրություն գրավելու և իր ապրումները կարևորելու միջոցը հիվանդանալն է: Երեխան ուղղակիորեն, ենթագիտակցաբար գործի է դնում մեխանիզմ, որը օրգանիզմին հանգեցնում է որևէ հիվանդության, քանի որ նա ունի հստակ գիտակցված մոդել՝ հիվանդանալիս մայրիկը միշտ նրա կողքին է, միշտ շոյում և հոգ է տանում:
Առհասարակ երեխայի մոտ կան հոգեսոմատիկ խանգարումներ, եթե նա ունի ուշադրության պակաս, գերխնամք, կամ գտնվում է ընտանեկան ոչ հանգիստ մթնոլորտում: Կան մի քանի տարանջատված հուզական և ապրումային հոգեբանական վիճակներ, որոնք հանգեցնում են հստակ հիվանդության արտահայտման: Դրանք հետևյալն են.
- Եթե ցավում է կոկորդը– Երեխան կամ վիրավորված է, կամ հնարավորություն չունի արտահայտել սեփական կարծիքը: Նման երեխայի ծնողները հաճախ ընդհատում են նրա նախաձեռնությունը և իրավիճակի կառավարումը վերցնում իրենց ձեռքը՝ պահանջելով երեխայից լռել, չխառնվել:
- Եթե յուրաքանչյուր մրսածություն ուղեկցվում է միայն հազով, ապա դա բողոք է: Երեխան չի ցանկանում ինչ-որ բան ասել, բայց վախենում է բարձրաձայնել այդ մասին: Երեխան, ում ազատությունն անընդհատ սահմանափակված է ծնողների գերխնամքով, կունենա շնչուղիների հետ կապված հիվանդություններ՝ բրոնխիտ և այլն: Ծնողներն ուղղակիորեն խեղդում են երեխային իրենց վերաբերմունքով:
- Եթե ցավում է որովայնը, ապա դա ծնողների համար ահազանգ է, որ երեխան ունի վախեր: Սկսում են հիվանդանալ ատամները, քանի որ երեխան փորձում է զսպել հույզերը՝ լարվածությունը և ջղայնությունը:
- Մաշկի խնդիրներ– Ներքին ապրումների վերարտադրումը մաշկի վրա ուղեկցվում է տարբեր ալերգիկ դրսևորումներով, ցանով և բորբոքումներով: Դա նշանակում է, որ երեխան փորձում է սահման գծել իր և մեծահասակների միջև: Նույն գերխնամքը՝ իրենից բխող հպումներով, փաղաքշանքներով, անձնային սահմանը խախտելով, դրդում է երեխային ազդակ ուղարկել, որ իրեն դա հաճելի չէ հոգեբանական տեսանկյունից: Իսկ գիշերամիզությունը, երբ երեխանի չի կարողանում վերահսկել այդ գործընթացը, վկայում է այն մասին, որ նա կյանքում շատ վերահսկող է: Վերահսկում է իր վարքը, խոսքը, ցանկությունները, հույզերը՝ խուսափելով ծնողների բացասական արձագանքից: Իսկ քնած ժամանակ գիտակցությունն ու վերահսկողությունը թուլանում են:
Հոգեսոմատիկ խանգարումները շտկվում են, երբ շտկվում է հոգու ցավը, երբ վերականգնվում է հոգեկան ներաշխարհը: Եղեք ընկեր ձեր երեխաների համար և կարևորեք ցանկացած ապրում, մարմնական դրսևորում՝ առաջնային պատճառը փնտրելով հոգեկանում, այլ ոչ թե՝ բժիշկների ընդունարաններում:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան