Երևանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամները մեկնաբանել են ավագանու այս տարվա առաջին նիստի ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպը: Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի խոսքով`«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ազոտական թթուն բերել էին իրենց վրա լցնելու: «Նորմալ չեմ համարում, որ դահլիճում խոչընդոտում են մեր աշխատանքը: Ես կարծում եմ, որ դա հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Ավագանու անդամ Գոռ Վարդանյանն էլ նշեց, որ բռնի ուժ չի կիրառվել, պարզապես այդ մարդկանց հեռացրել է դահլիճից: «Կուսակցության ներկայացուցիչները ոչ ճիշտ պահվածք են դրսևորել՝ նիստերի դահլիճում նման տարա բերելով և տհաճ հոտ տարածելով»,-նշեց նա:
Ավագանու անդամներից Ալինա Կուշկյանն էլ հավելեց, որ դահլիճում հայտնված թունավոր նյութերի պատճառով հակաալերգիկ հաբեր է ընդունել: «Կարծում եմ՝ սա շատ սխալ պահվածք է, հարցերը նման կերպ չեն լուծվում: Չի կարելի նման մեթոդներով աշխատանքներն առաջ տանել: Նման մեթոդներով խաթարում են ավագանու աշխատանքը»,-ասաց նա: