Facebook սոցիալական ցանցը կորցնում է ժողովրդականությունը ԱՄՆ-ի երիտասարդների ու դեռահասների շրջանում, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում Instagram-ն ու Snapchat-ը: Այդ մասին վկայում է eMarketer ընկերության հետազոտությունը:
Ընկերության գնահատումների համաձայն, 2018 թվականին Facebook-ի 18-ից մինչև 24 տարեկան օգտատերերի թվաքանակն ԱՄՆ-ում կնվազի 5,8 տոկոսով: Դեռահասների (12-17 տարեկան) պարագայում ընթացիկ տարում առաջին անգամ սոցցանցի օգտատերեր կմնա երկրում այդ տարիքային կատեգորիայի ներկայացուցիչների 50 տոկոսից պակաս մասը:
Այս միտումը, ինչպես սպասվում է, կպահպանվի նաև 2019-2020 թվականներին: eMarketer-ի կանխատեսման համաձայն, Instagram-ը և Snapchat-ը նոր օգտատերերի թվի աճի տեմպերով առաջատարները կդառնան 12-ից մինչև 24 տարեկանների շրջանում:
Ներկայում Facebook-ը մնում է ԱՄՆ-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցցանցը, ընդ որում՝ զգալի առավելություն ունի Instagram-ի և Snapchat-ի նկատմամբ, գրում է Deutsche Welle-ն:
ԱՄՆ-ում Facebook-ի օգտատերերի թիվը շուրջ 170 միլիոն է: Համեմատության համար նշենք, որ Facebook-ին պատկանող Instagram-ի օգտատերերի թվաքանակը գերազանցում է 104 միլիոնը, Snapchat-ինը՝ 86,5 միլիոն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: