Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից առաջարկություն էր ստացել առաջադրվել որպես ՀՀԿ նախագահի թեկնածու, այսօր այցելել էր Գյումրի:
Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու մուտքի մոտ Արմեն Սարգսյանին մոտեցավ գյումրեցի թոշակառուներից մեկը, ողջունելով Արմեն Սարգսյանին՝ ասաց, որ թոշակառուները հնարավորություն չունեն ապրելու 30-40 հազար դրամով, զայրացած են և այսպես շարունակվելու դեպքում ապստամբության կդիմեն:
80-ամյա Լևուշ Նահապետյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները չեն ուզում տեսնել թոշակառուների ապստամբությունը, ուրեմն պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը և բարձրացնեն թոշակը:
«Ես եմ այս երկրի տերը, ուրիշ մեկը չէ: Երկիրն իմս է, որ պատերազմ էլ եղավ, ես պտի ելնիմ գնամ:
Մեկ էլ Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամություն կլինի, ավելի վատ բան կլինի:
Իրեն հաղորդեք, որ թոշակառուն 30-40 հազար դրամ թոշակ է ստանում: Իրեն ասեք՝ 80 տարեկան մի մարդ կա, հարցնում է՝ այդ գումարով ինչ անի. տաքությա՞ն փող տա, ուտի՞, ստիպված պտի մուրացկանություն անի»,- ասաց 80-ամյա քաղաքացին, ապա հավելեց.
«Չի կարելի իրենք ուտեն-խմեն, գլուխները որ բարձի վրա են դնում, ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք հանրապետականներս, լավ պտի ապրինք, իսկ մնացած ժողովո՞ւրդը»:
Արմեն Սարգսյանն արձագանքեց.
«Լսեցի, հայրիկ, լսեցի»:
Վերջում դարձյալ թոշակառուն կրկնեց.
«Ասեք իրեն, որ թոշակառուները Գյումրիում սոված են»: