Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Յուսեֆ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ Իրանի 35-ամյա քաղաքացի Յուսեֆը Երևանի Արամի փողոցում գործող «Մոնոթո» ակումբում ծանոթացել է Զարուհի Շ.-ի հետ (անունը փոխված է), նրան հրավիրել է Երևանի Խորենացի փողոցի շենքերից մեկում իր վարձակալած բնակարան: 2015 թվականի նոյեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, բնակարանում «զվարճանքի ընթացքում» Յուսեֆը ցանկացել է համբուրել Զարուհուն, բայց վերջինս է ու ցանկացել է հեռանալ:
Յուսեֆը, ըստ մեղադրանքի, ցանկացել է Զարուհու նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ նա նախ հարվածել է Զարուհու աջ ականջի շրջանին: Այնուհետև պահանջել է, որ Զարուհին հանի հագուստը, մտնի լոգարան: Այնտեղ ստիպել է, որ կինը կանգնի սառը ցնցուղի տակ,«օճառել է նրա դեմքն ու դրանից հրճվել է», ապա ձեռքից քաշելով՝ Զարուհուն տարել է ննջասենյակ, հանել է նաև իր հագուստներն ու «նստել է Զարուհու մարմնին»: Նա ևս մեկ անգամ հարվածել է կնոջ ականջի շրջանին, պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Կինը մերժել է:
Յուսեֆը, ըստ մեղադրանքի, գնացել է հյուրասենյակ, դանակ է վերցրել, նորից վերադարձել է ննջասենյակ, նստել է կնոջ մարմնին, դանակը դրել է նրա պարանոցին ու սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի:
Զարուհին իրական համարելով սպառնալիքները, համաձայնել է կատարել Յուսեֆի ցանկությունը: Վերջինս դանակը դրել է մահճակալի մոտ: Զարուհու մոտ ցանկություն է առաջացել դանակով վնասվածք պատճառել տղամարդուն ու փախչել: Որպեսզի Յուսեֆը ոչինչ չկասկածի, նա շոյել ու համբուրել է նրան, ապա արագ վերցրել է դանակն ու վնասել է տղամարդու առնանդամը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Զարուհին ննջասենյակից փախել է նախասրահ: Յուսեֆը հետապնդել է նրան, կոտրել է դռան ապակին, ցանկացել է Զարուհու ձեռքից խլել դանակը: Քաշքշուկ է առաջացել: Յուսեֆը բռունցքներով հարվածել է Զարուհու կողերին, կծել է նրա նախաբազուկը, հետո նրանք երկուսով ընկել են հատակին ու ապակու կտորտանքից վնասվածքներ են ստացել երկուսն էլ:
Յուսեֆը դանակը խլել է Զարուհուց, նստել է նրա մարմնին, սպառնալիքներ է հնչեցրել, հետո հանգստացել է, թույլատրել է, որ Զարուհին հեռանա՝ խնդրելով նրան, որ կատարվածի մասին ոչ ոքի չհայտնի:
Յուսեֆի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հոգեմետ նյութ պարունակող 50 հատ դեղահատեր:
Յուսեֆ Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանց իրացնելու նպատակի հոգեմետ դեղամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ «դիսկոներում» ասել են, թե տուժողը մարմնավաճառ է, 50 հազար դրամով նրան բոլորը կարող են վարձել: Ասել են, որ այդ աղջիկն «ուժեղ է» իր արհեստում, նրան շուտ-շուտ են վերցնում ու տանում: Ինքը նրան տարել է իր վարձած բնակարան: Գիշերը զվարճացել են:
Ամբաստանյալը նշել է, որ տուժողը ստել է, թե ինքը օճառ է քսել նրա դեմքին, սառը ցնցուղի տակ է կանգնեցրել, ծաղրել է: Ինքը նաև դանակով չի սպառնացել: Տուժողն իրեն դանակով հարվածել է այն բանի համար, որ իրենց միջև գումարի հետ կապված խնդիր է առաջացել: Ինքը վճարել է 50 հազար դրամ, բայց տուժողն ասել է, թե ևս 50 հազար դրամ պիտի վճարի, որովհետև երկար է մնացել: Երբ ինքը չի համաձայնել, նա դանակով հարվածել է իրեն:
Ըստ ամբաստանյալի՝ ինքը նախապես այդ կնոջ հետ գումարի վերաբերյալ չի պայմանավորվել: Երբ ոստիկանները եկել են, ինքը շատ վատ վիճակում է եղել, չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել իրականում:
Ամբաստանյալը նաև ասել է, թե հիվանդ է, բժիշկները չեն հասկանում, թե ինչ հիվանդություն ունի: Պարսկաստանից իրեն դեղեր են ուղարկել, որոնք խմելով՝ ինքը կամաց-կամաց լավանում է:
Ամբաստանյալը նշել է, թե մարմնավաճառն իր «գլխին սարքում է»: Ինքը դեպքից հետո գտնվել է «արյունահեղ վիճակում», ի վիճակի չէր տուժողից պահանջել, որ նա ոչ ոքի չասի: Ինքը նրան իր վարձած բնակարան տարել էր որպես մարմնավաճառի: Մինչև դեպքը ևս երկու անգամ նրան տարել էր իր տուն, սեռական հարաբերություն էր ունեցել հետը…
Դեպքի օրը սկզբում ինքն ու տուժողը լավ ժամանակ են անցկացրել: Դանակը եղել է տուժողի մոտ, դա նրա դանակն էր: Երբ գումարային հարցերով համաձայնության չեն եկել, տուժողը միանգամից տեղից վեր է կացել ու վնասել է իր առնանդամը…
Տուժող Զարուհին հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչել է հոկտեմբերից: Հանդիպել է «դիսկոտեկայում»: Նա մոտեցել, խնդրել է իր հեռախոսի համարը: Մի քանի օր հետո նա զանգել ու ցանկացել է, որ հանդիպեն: Հանդիպել են նոյեմբերի 2-ին: Ինքը նրա վարձած բնակարան է գնացել ժամը 23-ի սահմաններում:
Ամբաստանյալն իրեն դիմավորել է, տանը խմիչք է հյուրասիրել: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում ինքը ցանկացել է տուն գնալ: Ամբաստանյալն իրեն չի թողել, հարվածել է իր ականջին, իր ձեռքից վերցրել է հեռախոսը: Դուռը փակ էր: Ամբաստանյալը բռնել է իր ձեռքից, ասել է, թե բոլորը փնթի են, իրեն տարել է լվացարանի մոտ, օճառել է իր դեմքը, ջուրն անջատել ու ծիծաղել է իր վրա:
Ինքը ծորակը բացել ու լվացվել է: Նա ստիպողաբար հանել է իր շորերը, տարել է ննջասենյակ: Պահանջել է, որ ինքը սեքսուալ գործողություն կատարի: Ինքն ասել է, որ նման բան չի անում:
Նա գնացել է հյուրասենյակ, դանակ է բերել, դանակը դրել է իր վզին ու ստիպել է իր ուզածն անել: Ինքը վախեցել է, նրան ասել է՝ դանակը մի կողմ դիր, ամեն բան կանեմ: Նա դանակը մահճակալի կողքն է դրել: Ինքը բռնել է նրա առնանդամն ու դանակով վնասել է: Դանակը ձեռքին դուրս է եկել ննջասենյակից, չի մտածել, որ նա իր հետևից կգա: Նա բղավում էր: Նա կոտրել է դռան ապակին, հարվածներ է հասցրել իրեն, գցել է հատակին, նորից նստել է իր վրա:
Առատ արյուն էր հոսում: Ինքը մտել է լոգասենյակ, արյունը լվացել է: Նրա ուզած սեքսուալ գործողությունն ինքը չի կատարել: Հետագայում իմացել է, որ ամբաստանյալը «պռոբլեմատիկ անձնավորություն» է:
Տուժողը նշել է, թե ամբաստանյալի բնակարան էր գնացել «զուտ ընկերական»: Հաջորդ օրն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն…
Դատարանը Յուսեֆ Ն.-ին մեղավոր է ճանաչել միայն ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ից:
Բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, դատարանն արդարացրել է ամբաստանյալին՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Յուսեֆի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել դատախազին՝ Յուսեֆի ու Զարուհու՝ առողջության թեթև վնաս ստանալու դեպքով քրեական հետապնդում իրականացնելու հարցը լուծելու համար:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազը: Նա ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը գնահատել էր որպես անօրինական ու անհիմն:
Մասնավորապես՝ դատախազը անհիմն է համարել այն եզրահանգումը, թե այս գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն՝ ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ապացուցված գնահատելու համար: Ըստ դատախազի՝ եթե Զարուհին նպատակ ունենար ամբաստանյալին մարմնական վնասվածք պատճառել այն բանի համար, որ նա հրաժարվել է իրեն վճարել պահանջած գումարը, ապա դանակով վնասվածք կպատճառեր տղամարդու մարմնի ցանկացած հատվածում, ոչ թե՝ հենց սեռական օրգանի հատվածում:
Բողոքաբերը խնդրել է բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար ամբաստանյալին արդարացնելու մասով բեկանել դատական ակտը, Յուսեֆ Ն.-ին մեղավոր ճանաչել այդ հոդվածով ևս, նշանակել այդ արարքին համաչափ պատիժ:
Վերաքննիչ բողոք էր ներկայացրել նաև ամբաստանյալը: Նա պահանջել էր իրեն արդարացնել թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման մասով ևս՝ կայացնել լիակատար արդարացման դատական ակտ: Ինքը բնակարանում հայտնաբերված դեղերն օգտագործել է բժշկի խորհրդով:
Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված բողոքները, եզրահանգել է, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը հիմնավորված և օրինական է, այն թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ, և մերժել է դատախազի ու ամբաստանյալի բերած վերաքննիչ բողոքները: