Հարցազրույց Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ
– Պարոն Խաչատրյան, նախ՝ անդրադառնանք Կրթության պետական տեսչության իրականացրած ստուգումներին, որոնք վերաբերում են 2017 թվականին մարզպետարանների կրթության վարչությունների, նախակրթարանների և դպրոցների գործունեությանը: Որոշ կրթական կառույցներում մի շարք օրենսդրական խախտումներ են արձանագրվել, կմանրամասնե՞ք, թե ինչ բնույթի խախտումների մասին է խոսքը:
– Հիմնականում օրինակելի հաստիքացուցակի, նորմերի խախտումներ են արձանագրվել: Հնարավոր է՝ դեպքեր են եղել, երբ համապատասխան կրթություն չունեցող մարդուն են գործ տվել: Կարող է՝ տվյալ աշխատանքի համար նախատեսված է եղել 0.75 դրույք, իրենց տվել են 1 դրույք:
– Կրթական ոլորտում 2017 թվականին ինչպիսի՞ բացթողումներ և թերություններ արձանագրվեցին: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք նախակրթարանների գործունեությունը:
– Նախակրթարանների ոլորտում հիմնական խնդիրն այն է, որ մենք ունենք շատ մեծ անհավասարություն: Այսինքն՝ Երևան քաղաքում նախակրթարաններն անվճար են, մարզերում՝ վճարովի: Ու նաև ունենք երրորդ դեպքը, երբ բազմաթիվ համայնքներում ընդհանրապես չկան նախակրթարաններ: Եթե նայենք անհավասար զարգացման տեսանկյունից, թերևս, նախադպրոցական կրթական համակարգն ամենավատ վիճակում է գտնվում: Դա լուրջ խնդիր է, քանի որ միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենակարևորը վաղ մանկության կրթությունն է: Եթե դու փոքր տարիքից կրթական հավասարություն, հնարավորությունների հավասարություն և մատչելիություն չես ապահովում, ապա հետագայում դպրոցում, համալսարանում շատ դժվար է այդ խնդիրը շտկել: Այս խնդիրը կրթական տարբեր փաստաթղթերում ամրագրված է, բայց որևէ լուրջ փոփոխություն այս հարցում չենք ունենում: Մենք Հայաստանում ունենք 0-6 տարեկան երեխաների՝ մոտավորապես 30 տոկոս ընդգրկվածություն: 3-5 տարեկաններինը 50 տոկոս է կազմում: Եթե վերցնենք 3-5 տարեկաններին, երեխաների կեսը չի ստանում այդ կրթությունը: Մյուս խնդիրն այն է, որ հատկապես Երևանում շատ-շատ են մասնավոր մանկապարտեզները, և այս պահին պարզ չէ, թե դրանք ինչ որակի կրթություն են տալիս: Երրորդ խնդիրը մանկապարտեզների մանկավարժների հարցն է: Եթե դպրոցների դեպքում գոնե 5 տարին մեկ կանոնավոր վերապատրաստումներ կան, այստեղ բովանդակային առումով իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ համակարգը թողնված է համայնքային ենթակայության ներքո, և համայնքի ղեկավարները միշտ չէ, որ ունեն այդ կարողությունները, որպեսզի կարողանան մանկապարտեզները ղեկավարել:
Ներառական կրթության վերաբերյալ ասեմ, որ նախադպրոցական կրթության ոլորտում մենք համարյա թե չունենք ներառական կրթություն: Լուրջ խնդիրներ, կարողությունների պակաս կա: Եթե դպրոցներում այս ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են, ապա այս մակարդակում վիճակը շատ ավելի վատ է:
– Մեծաքանա՞կ են հանրապետությունում այն նախակրթարանները, որոնք չեն համապատասխանում երեխաների հաճախելիության չափորոշիչներին. շենքային պայմաններն են վատ, կամ կան տնակային պայմաններում գործող նախակրթարաններ:
– Այդ խնդիրները կան: Բացի այդ, շատ հաճախ խմբերը նախատեսվածից մեծ են՝ ավելի շատ երեխա են վերցնում, քան կարելի է: Շատ դեպքերում մանկապարտեզների զուտ ուսումնական ծրագիրը կաղում է:
Եթե նայեք Հայաստանի կրթական համակարգին, ապա մեզ մոտ ամենաբարձրը վարձատրվում են դասախոսները, հետո՝ ուսուցիչները, այնուհետև՝ նախակրթարանների աշխատակազմը: Իրականում երեխաների կյանքի վրա ամենամեծ ներգործությունն ունեն նախակրթարանների դաստիարակները, հետո՝ դպրոցները, հետո՝ դասախոսները: Այն մանկավարժները, ովքեր հնարավորություն ունեն շատ բան փոխելու երեխայի կյանքում, ամենավատն են վարձատրվում, ամենաշատն են անտարբերության մատնված: Նմանատիպ խնդիրներ ունենք, և դրանց պետք է արձագանքել:
– Հիմնականում ՀՀ ո՞ր շրջաններում են բացակայում նախակրթարանները:
– Մեծամասամբ՝ գյուղերում: Սովետական Միության փլուզումից հետո որոշ գյուղական համայնքներում մանկապարտեզները փակվեցին, շենքերն ավերվեցին, հիմա էլ մարդ կամ բյուջե չկա, որպեսզի այդ ծառայությունը կրկին մատուցեն: Դրա համար հիմա ՀՀ կրթության նախարարությունը ծրագրեր է իրականացնում՝ ծախսարդյունավետ մոդելներ, որի շրջանակներում փոքր գյուղերում տարածք են վերցնում, որտեղ ինչ-որ մեկը մատուցում է այդ կրթությունը: Տարածք են վերցնում դպրոցի շենքում, 6 տարեկանների համար դպրոցի նախապատրաստական խումբ են ձևավորում:
– Տարբեր նախակրթարաններ սննդամթերքները ֆիզիկական անձանցից ձեռք են բերում տարբեր գներով: Հանրապետության մի շարք նախակրթարանների ձեռք բերած սննդամթերքների գնային համեմատությամբ կարելի է պարզել, որ դրանք հացը, միսը, կաթը, կարագը տարբեր գներով են ձեռք բերում: Ինչպե՞ս վերացնել գնային այս անհամաչափությունը: Կամ ինչո՞ւ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի զբաղվում այս հարցով, որ իր ենթակայության ներքո ստեղծվի այնպիսի կառույց, որից ՀՀ բոլոր նախակրթարանները մատչելի, միևնույն գներով կարողանան սննդամթերքներ ձեռք բերել, որպեսզի մի նախակրթարանի տնօրենը հացը, կարտոֆիլը և այլ սննդամթերքներ ձեռք չբերի ֆիզիկական անձից էժան, մեկ այլ նախակրթարանի տնօրեն էլ նույն սննդամթերքները մեկ այլ ֆիզիկական անձից՝ համեմատաբար թանկ գնով: Կամ գուցե այս հարցով պետք է զբաղվեն համայնքապետարաննե՞րը: Չէ՞ որ անհրաժեշտ է վերացնել շահույթ հետապնդող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու պրակտիկան:
– Նման պրակտիկաներ կան, սակայն շատ հաճախ դա բերում է նրան, որ հայտնի մարդ է լինում, և ասում են՝ բոլորդ պետք է իրենից գնեք սննդամթերքները, այդ մոնոպոլ դիրքն էլ բերում է ապրանքների որակի անկման և անհաջող գներին: Ճիշտ եք ասում: Եթե մրցույթները լինեն արդար, ամեն ինչ լինի ըստ օրենքի, ապա այդ տարբերակը լավագույնը կլինի:
– Անդրադառնանք նաև դպրոցներին: Արդյունավե՞տ էր 2017 թվականը դպրոցական համակարգի գործունեության համար:
– Էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հիմնական խնդիրը նույնն է՝ երեխաների 10-20 տոկոսը սովորում են, մնացածն ուղղակի ժամանակ են անցկացնում, հատկապես՝ ավագ դասարաններում: Մինչև 5-րդ դասարան իրավիճակը նորմալ է, որից հետո վատանում է, իսկ 7-րդ դասարանից հետո շատ ավելի է վատանում: Ստացվում է՝ մեր դպրոցը 6 տարի է քիչ թե շատ նորմալ երեխաների հետ աշխատում: Հետո ծրագրերը բարդանում են, երեխաները, հատկապես՝ անապահով խավի ընտանիքից, աջակցություն չեն ստանում և կամաց-կամաց դուրս են մղվում: Նույն տնային աշխատանքների մշակույթը բավականաչափ վնաս է տալիս: Այն ընտանիքում, որտեղ ծնողները կրթված են, կարողանում են երեխաներին օգնել տնային առաջադրանքները կատարելու համար, իսկ այն ընտանիքում, որտեղ ծնողները կրթված չեն և չեն կարողանում օգնել երեխաներին, ասենք, օտար լեզուներ սովորելու հարցում, դրա արդյունքում մենք կորցնում ենք երեխաներին:
– Տարին կրթական համակարգի համար անբարենպաստ էր՝ նաև դպրոցների օպտիմալացմամբ պայմանավորված: Այս տարի ինչպիսի՞ կանխատեսումներ կան՝ աշակերտների թվաքանակի հետ կապված:
– Աշակերտների թիվը նվազել է: Բարեբախտաբար, երբ Հայաստանն ացավ 12-ամյա կրթական համակարգին, դա իրավիճակը փոքր-ինչ մեղմեց: Պատկերացրեք, եթե մենք ունենայինք ոչ թե 12-ամյա, այլ 10-ամյա դպրոց: Այդ դեպքում աշակերտների թիվը 1/6-ով քիչ կլիներ:
Այս տարվա սեպտեմբերից սպասվում է աշակերտների թվի աճ, քանի որ 12-րդ դասարանը, որտեղ շատ քիչ երեխաներ կային, ավարտում են, և մենք անցնում ենք 12-ամյա պարտադիր կրթության, այսինքն՝ 9-րդ դասարանից չեն կարող դուրս գալ: Դրա արդյունքում՝ այս տարվա սեպտեմբերին մենք կունենանք աշակերտների թվաքանակի աճ՝ մոտավորապես 30000-ի կարգի: Բայց ամենազավեշտալին այն է, որ կրթության բյուջեն կրճատվել է. աշակերտների թիվն ավելանում է, բայց փողը պակասում է: Քիչ փողով մի քանի տասնյակ հազար երեխաների կրթություն պետք է կազմակերպվի:
Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա դա պետք է այնպես արվի, որ որակը չտուժի: Անհրաժեշտ է ոչ միայն երեխաների մեխանիկական տեղաշարժ կատարել, այլև որակական:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը