Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 8-ին ոստիկանությունը հայտարարեց շարժական արագաչափեր կիրառելու մասին: Դրանից հետո տարօրինակ, հաճախ նույնիսկ անտրամաբանական հայտարարություններ են լինում, ի հայտ են գալիս վարորդների պաշտպանության բազմապիսի ու բազմապրոֆիլ անհատներ ու կազմակերպություններ՝ խախտումներ անելու և անպատիժ մնալու ճանապարհներ առաջարկելով վարորդներին:
Եթե ինչ-որ մեկի ուղեղում տեղավորվում է, խնդրում եմ, բացատրեք՝ ի՞նչ է նշանակում համազգային վարորդական արշավ արագաչափերի ու ոստիկանների դեմ, իբրև թե թալանում են վարորդներին: Ես իմ վարորդական կենսագրությունում չեմ հիշում մի դեպք, երբ տուգանվեմ առանց խախտում անելու, նույնիսկ ոստիկանը երբևէ չի կանգնեցրել առանց լուրջ հիմնավորման: Այլ հարց է, որ մեր որոշ ոստիկաններ գերադասում են տուգանք գրելու փոխարեն վարորդից կաշառք վերցնել: Դա էլ, սակայն, վարորդի մեղքն է՝ «պետությանը տալու փոխարեն տամ էդ մարդուն, տուն պահի» պատճառաբանությամբ:
Չեմ կարողանում նաև հասկանալ, երբ մարդկանց մտքով անգամ չի անցնում ավելի ուշադիր վարել: Ոչ, ավելի լավ է հայհոյել ոստիկաններին և փնտրել այն մեքենաները, որոնցում տեղադրված են արագաչափերը: Ուղղվելը և սեփական թերությունները տեսնելը շատ դժվար պրոցես է մեր հանրության համար:
Հ.Գ. Ոստիկանության հետ չեմ համագործակցում, պատվեր չեմ կատարում, ավելին՝ հաճախ նույն ոստիկանության ներկայացուցիչների հետ վեճերի մեջ եմ մտնում: Այնպես որ, ծախվելու կամ վատ իշխանություններին հայհոյելու մեկնաբանությունները պահել այլ առիթների համար»: