«Մինի Բասկոնիա» ընկերության կողմից ՀՀ ներկրվող «Lutik» ապրանքանիշը դարձյալ հայտնվել է «տհաճ իրավիճակում»: Բանն այն է, որ երեկ ՀՀ քաղաքացի Էլեն Գրիգորյանը մի լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, որ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ լիքը որդեր կան: Ըստ քաղաքացու` թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության վաճառքի տնօրեն Նարեկ Հայրապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրենք օնլայն տարբերակով կապ են հաստատել քաղաքացու հետ: «Խնդրել ենք այդ նմուշից մեզ էլ փոխանցեն, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է այն: Այն մտադիր ենք ուղարկել լաբորատորիա` հետազոտության: Բայց նշեմ, որ մեր ընկերությունը արտադրող չէ, այլ ներմուծող է»»,- նկատեց վաճառքի գծով տնօրենը: Ապա հայտարարեց` սա առաջին դեպքն է:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ դեռևս 2014 թվականին ևս ահազանգ է հնչել. «Լյուտիկ»-ի կանաչ ոլոռի մեջ էր որդ հայտնաբերվել:
«Բացառված է, որ վարունգը հին լինի, տվյալ ապրանքը պիտանելիության ժամկետի մեջ է: Մեզ ընդամենը անհրաժեշտ են այդ նմուշները, որովհետև պետք է կարողանանք արտադրողի հետ կապ հաստատել և հասկանալ, թե ինչի արդյունքում է նման բան եղել: Ֆիզիկապես անհնար է ներմուծման ժամանակ ամբողջ տարաները բացել և տեսնել, թե ներսում ինչ կա»,- նշեց նա, միաժամանակ հայտնեց, որ, այնուամենայնիվ, ներմուծված բոլոր ապրանքատեսակների նմուշները ենթարկվում են լաբորատոր հետազոտության: «Մենք միայն իրենց տված եզրակացությունից հետո կարող ենք իրացնել ներքին շուկայում: Բայց վարունգի դեպքում, մասնագետների հետ էլ ենք զրուցել, մի քիչ անհավանական է: Ես ամեն դեպքում չեմ ուզում ոչ մեկի անունը ինչ-որ բաներում թաթախել:
Մինչև մեք մեր ձեռքի տակ չունենանք լաբորատոր հետազոտության պատասխանը, չենք կարող որևէ բան ասել»,- պարզաբանեց Նարեկ Հայրապետյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Մինի Բասկոնիա» կազմակերպության հիմնադիրը Եղիազար Գաբուզյանն է, ով դեռևս 2014 թվականին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ «նորմալ է ոլոռի մեջ մեկ հատիկ որդ գտնել, չէ՞ որ այն աճում է կանաչ դաշտերում»: Ապա արդարացել էր` նշելով. «Տարիներ առաջ էլ պահածո արտադրող մեկ այլ ընկերության արտադրանքում գորտ էր հայտնաբերվել, հետո ի՞նչ»:
Դե ինչ, մեզ մնում է «Lutik» պահածոներում գորտի հանդիպել: Մինչ այդ, թերևս, հետաքրքիր է՝ ո՞ւր է նայում սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը: Մանավանդ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակին «շանտղություն» էր որակել անորակ սննդամթերք վաճառելը:
Սյունէ Համբարձումյան