Վանաձոր-Ալավերդի ռազմավարական նշանակության միջպետական (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են։
Մեղմ ձմեռը բարենպաստ է շինարարության համար։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած ճանապարհաշինական հսկայածավալ այս ծրագրի մի շարք հատվածներում աշխատանքների արդյունքն արդեն ակնհայտ է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական աշխատանքային այցը կատարեց շինարարական տեղամասեր։
Աշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով ճանապարհը բաժանված է 3 տեղամասերի, որոնցում տարբեր կազմակերպություններ աշխատում են միաժամանակ։
Առաջին տեղամասում ընթանում են ճանապարհի լայնացման, հենապատերի կառուցման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մի շարք հատվածներում ասֆալտբետոնե պատվածքի ներքին շերտն արդեն տեղադրվել է։ Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները ևս մոտենում են հանգուցալուծման։
Նախարարին ներկայացվեց իրավիճակը. խողովակներն արդեն տեղադրված են, մնում է միացումները կատարել։ Ջրանջատումից հետո կսկսվեն հողի խտացման աշխատանքները:
Նախարարը հանձնարարեց պահպանել շինարարության ժամկետները, բոլոր աշխատանքներում ապահովել բարձր որակ։
Ճանապարհի առավել վտանգավոր ոլորապտույտներից մեկում ավարտվել է հենապատի կառուցումը։ Այստեղ կատարվել է ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն, որի արդյունքում մեղմվել է երկայնական թեքությունը: Հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ։ Արդյունքում մեծացել է տեսանելիության աստիճանը՝ առավել անվտանգ դարձնելով կտրուկ շրջադարձը։