Որո՞նք են մաշկին սպառնացող արտաքին վտանգները
Advertisement 1000 x 90

Որո՞նք են մաշկին սպառնացող արտաքին վտանգները

«168 Ժամ»-ի նախորդ հինգշաբթի օրվա համարում թվարկեցինք մաշկին սպառնացող ներքին վտանգները։ Այս անգամ պետք է խոսենք արտաքին վտանգների մասին։

Պետք է ուշադրություն դարձնել մաշկի վրա ազդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներին։

– Առողջ մաշկի բնականոն ընթացքի հետևանքով մաշկի մակերեսի վրա չորանում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի արտադրությունը։ Մաշկի բնական ճարպը փակում է մազարմատի և քրտնագեղձերի ծակոտիները, որը կարող է ինֆեկցիայի և հետևաբար բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով կարևոր է մաշկի կանոնավոր մաքրումը և խնամքը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Իհարկե, արևն իր դրական ազդեցությունն ունի մաշկի D վիտամինն ապահովելու հարցում, սակայն այն նաև մեծ վնասներ է պատճառում։

Ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթը թափանցելով մաշկի ենթաշերտերի մեջ` ավելացնում է ազատ ռադիկալները, որոնք վնասում են բջիջները և քայքայում մաշկի ձգողականությունն ապահովող կոլագենի և էլաստինի շերտերը։ Միայն տարիներ հետո կարող եք նկատել արևի պատճառած վնասները։ Եվ երբ այդ վնասները տեսանելի են դառնում, այլևս հնարավոր չի լինում վերադարձնել կորցրածը։

Կլիմա

Մաշկի բնական ճարպը մաշկի համար պաշտպանիչ շերտ է համարվում, որի պարտականությունն է հնարավորինս պակասեցնել ջրի գոլորշիացումը։ Դրանով հանդերձ, ցուրտ եղանակին ճարպագեղձերի արտադրությունը պակասում է, մաշկն անպաշտպան է դառնում, և գոլորշիանում է մաշկի մակերեսի խոնավությունը։ Իսկ շոգ եղանակին մաշկը հովացնելու համար մարմինը քրտնում է, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր է մսխվում։

Հակասական ջերմաստիճաններում մաշկի մակերեսային մազանոթները փխրուն են դառնում, կամ լայնանում են։

Այս ամենից խուսափելու համար լավագույն միջոցը խոնավացնող կրեմների մշտական օգտագործումն է։

Օդի ապականում և կենսոլորտի ճնշում

Գոյություն ունեն մաշկի խոնավությունը նվազեցնող այլ հանգամանքներ ևս: Դրանցից են՝ սխալ օճառների օգտագործումը և կենտրոնական ջեռուցման համակարգը: Ինչպես նաև տարբեր նյութերով (արճիճ, սնդիկ, ալյումինիում, և այլն) օդի ապականումը: Այդ նյութերը վնասում են մաշկի բջիջների պրոթեինը։ Օդը նաև ապականվում է ծխախոտի ծխից առաջացող ածխաթթու գազի, գործարանների արտանետած քիմիական նյութերի և մեքենաների խլացուցչից արտանետվող ծխի հետևանքով, որոնք ազդում են մաշկի վրա։

Պետք է ամեն օր խնամել մաշկը և պաշտպանել այն արտաքին գործոններից։ Այդ մասին մեր խորհուրդները` հաջորդիվ։

Վիկի ՕԴԵ

Նոյեմբեր 18, 2006

168.am