Երևանում օրերս 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանը և նրա մայրը «ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել էին Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:
«Սա նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը` առանց որևէ փոփոխության, և համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի»,- ասաց նա:
Գնդոյանը նաև նկատեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը, ընդառաջելով Գայանե Հարությունյանի՝ իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու դիմումին, հանձնարարել է, որ նրան աշխատանքի ընդունեն «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից:
«Հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում՝ նրան ընդառաջել են և նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար: Գերատեսչությունում առհասարակ և ՊՈԱԿ-ում մասնավորապես ընդունված է հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցել աշխատակիցներին՝ ըստ անհրաժեշտության: Դեպքեր են եղել, երբ աշխատակիցները դիմել են որևէ հարցի վերաբերյալ ֆինանսական օգնություն ստանալու համար, և երբևէ նախարարության աշխատակազմը չի մերժել աջակցելու հարցում, սակայն Գայանեի կողմից անգամ նման դիմում չի եղել»,- ընդգծեց Նանա Գնդոյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: