Ալավերդցի Վահագը կալանավայրում իրեն ապահով է զգում. վստահ է, որ արդարացնելու են. yerkir.am
Advertisement 1000 x 90

Ալավերդցի Վահագը կալանավայրում իրեն ապահով է զգում. վստահ է, որ արդարացնելու են. yerkir.am

Հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և Ռ.Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար մեղադրվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, վստահ է, որ իրեն արդարացնելու են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունքներ տալ:

Ճարոյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ ընդամենը մեկ քննչական գործողություն՝ առերեսում է կատարվել: Նա հայտնեց, որ մինչ օրս իր պաշտպանյալին կաշառք տալու մեղադրանք էլ չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործի համաձայն՝ Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՔԿ երկու ծառայողի:

Մեզ հետ զրույցում Հակոբ Ճարոյանը խոսեց նաև իր պաշտպանյալի անվտանգության մասին: Հարցին` արդյո՞ք մտահոգություն չկա, որ նրա նկատմամբ դարձյալ կփորձեն մահափորձ իրականացնել, պաշտպանըպատասխանեց. «Անվտանգության խնդիր չկա, այն ժամանակ ինքն ազատության մեջ էր, դրա համար փորձեցին սպանել, իսկ այսօր նա մեկուսացված է, և նրա նկատմամբ որևէ բան չեն կարող անել»:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանի դեմ մահափորձ է իրականացվել 2017թ. սեպտեմբերի 14-ին ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ: Արձակված կրակոցների հետևանքով Աբգարյանի թիկնապահը՝ Գագիկ Մոսինյանը, մահացել էր, իսկ ինքը՝ Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, որի կազմում ընդգրկվել են մի շարք այլ անձինք։ Վերջինների միջոցով նախապատրաստվել և իրականացվել են մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ։ Մասնավորապես՝ 2017 թվականի հունիսին կազմակերպվել և իրականացվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ այդպիսով վրեժխնդիր լինելով Կ.Փիրուզյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի կողմից Վ.Աբգարյանի մտերիմներ Էդ.Պողոսյանի և Վ.Ավագյանի սպանության համար։

Կ.Փիրուզյանի սպանության անմիջական կատարումը վերապահվել է նույն քաղաքի բնակիչ Վլ.Դավթյանին, ով, ըստ նախնական քննության տվյալների, հետևել է նրա տեղաշարժին և հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել Փիրուզյանի ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Բացի այդ, պարզվել է, որ 2017 թվականին նոյեմբերին կազմակերպվել է նաև Ալավերդի քաղաքի բնակիչ Ռ.Մոսինյանի սպանությունը, որի նախապատրաստությունն իրականացրել է հանցավոր համագործակցության մեկ այլ անդամ, ինչը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում։

yerkir.am