Նոր կարգը, որի համաձայն Հայաստանում դեղերի մեծ մասը դեղատներից բաց կթողնվեն միայն բժշկի դեղատոմսով, կարող է բերել ստվերային շրջանառության մեծացման, պնդում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ մարդկանցից շատերը այլ երկրներից բերված դեղեր «կպաշարեն»: Սա, իհարկե, մեծ վտանգներ է պարունակում, քանի որ պահման պայմանների խախտման դեպքում շատ դեղամիջոցներ կարող են արդյունավետությունը կորցնել: Դրանից բացի, շատ դեղատներ կսկսեն «լևի» դեղեր ստանալ ու առանց դեղատոմսի վաճառել: Պիպոյանի խոսքով՝ այս ամենը շատ վտանգավոր է. եթե ցանկացած այլ ոլորտում ստվերային շրջանառությունը վնաս է հասցնում երկրի տնեսությանը, ապա դեղերի ոլորտում լուրջ վտանգներ է պարունակում նաև մարդկանց առողջության համար:
Պիպոյանի խոսքով՝ Առողջապահության նախարարության վերջին նախաձեռնությունների նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը առաջին հերթին կապված է վերջինի սխալ քայլերի հետ: Այսպես՝ բոլորը հասկանում են, որ Հայաստանում ծխելու դեմ պայքարը պարզապես անհրաժեշտ է, սակայն ԱՆ առաջարկած օրինագծերը այնքան էլ համարժեք չեն, ուստի բացասական վերաբերմունք են առաջացնում նունիսկ ծխելու կատաղի հակառակորդների շրջանում: Նույնը կարելի է ասել նաև այլ ոլորտների մասին՝ քաղցկեղի դեմ պայքարը ճիշտ գործ է, սակայն, Պիպոյանի կարծիքով, ԱՆ-ն իր սխալ աշխատանքով երկրի բնակչությանը տրամադրեց Գարդասիլի պատվաստման դեմ:
Պիպոյանի խոսքով՝ նույն բանը տեղի է ունենում դեղերի ոլորտում. դեղամիջոցների շրջանառությունն, իհարկե, ավելի լուրջ կարգավորման կարիք ունի, սակայն պետք է մեծ թվով նախապատարստական աշխատանքներ կատարել, պետք է ուենալ հստակ գործող համակարգ, և միայն հետո սկսել դեղերը բաց թողնել միայն դեղատոմսերով: Ավելին՝ պետք է ունենալ իսկապես գործող տեսչություն, որը կզբաղվի դեղատներում ժամկետանց դեղամիջոցների և անհայտ ծագման դեղերի հայտնաբերմամբ: Մինչդեռ, Պիպոյանի կարծիքով, առայժմ նման տեսչությունը գոյություն ունի միայն թղթի վրա, իսկ նրա աշխատանքի արդյունքը ոչ ոք չի տեսել:
Ինչպես նշեց Բաբկեն Պիպոյանը, մարտի 1-ից հետո (հենց այս օրը ուժի մեջ կմտնի նոր կարգը) Հայաստանում քիչ բան կփոխվի, քանի որ խոսակցությունները մի բան են, իսկ աշխատանքը՝ միանգամայն այլ բան: