Ուժեղ սառնամանիքը վնասել էր ավտոմեքենան, և Հայաստան մեկնող ուղևորները մնացել էին կես ճանապարհին։
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը` փետրվարի 24-ին, դեպի Երևան ուղևորվող ավտոբուսը անսպասելի խափանվել է Կանտեմիրովսկի շրջանում։ Այդ մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վորոնեժ-Լուգանսկ ավտոմայրուղու 254-րդ կմ-ի վրա։ Գիշերը ժամը 4-ի մոտակայքում Կալուգա-Երևան երթուղով ընթացող միջքաղաքային ավտոբուսը շարժիչի անսարքության պատճառով կանգ է առել մայրուղու մեջտեղում։
Նախնական վարկածի համաձայն` ավտոբուսի դիզվառելիքն այնքան է սառել, որ անհնար է եղել մեքենան վարել։ Ավտոբուսում 15 մարդ է եղել, որոնցից 2-ը` երեխա։ Տարածաշրջանում վերջին օրերին ուժեղ սառնամանիքն ու բնակատեղիից մայրուղու հեռավորությունը հաշվի առնելով` ուղևորները շատ հավանական է, որ կարող էին սառչել` առանց անհրաժեշտ օգնության, նրանց լուրջ ցրտահարություն էր սպառնում։
Սակայն Վորոնեժի ոստիկանության կանոնակարգված աշխատանքի շնորհիվ վտանգավոր իրավիճակում հայտնված ուղևորներին հնարավոր է եղել արագ օգնել։ Նախ ոստիկանները ՃՏՊ-ի վայրից տեղափոխել են կանանց և անչափահասներին` նրանց տաք կացարան հասցնելով։
Այնուհետև տարհանվել են մյուս ուղևորները. Նրանց տեղափոխել են Կանտեմիրովկայի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարան։ Վերջում «փրկել են» ավտոբուսը. էվակուատորի միջոցով այն տեղափոխել են անվտանգ վայր` այն վերանորոգելու նպատակով։