Ռուբեն Շուխյանի հրապարակումը. «Կոշիկներ մաքրելու և փայլեցնելու համար նախատեսված այս կետը գտնվում է Երևանի կենտրոնի բանուկ մասում՝ Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկից ոչ հեռու, Թումանյան փողոցի խինկալիանոցի հարևանությամբ: Համարվում է, որ այն միակն է մայրաքաղաքում և արդեն հասցրել է բավականին հանրաճանաչ դառնալ Երևան այցելող զբոսաշրջիկների մոտ:
Կոշիկ փայլեցնելու կետը այս տարի էլ, ինչպես միշտ, աշխատեցնում է Լյովա Գևորգյանը, որն իր յուրօրինակ մասնագիտական փիլիսոփայությունն ունի. նա գտնում է, որ կոշիկների մաքրությունը չպետք է լինի զուտ ձևական, այսինքն՝ կոշիկները պետք է ոչ միայն իդեալական փայլեն դիմացից, այլ նաև պարտադիր՝ կրունկների կողմից:
Ի դեպ, հին երևանցիները մի պատմություն են հիշում, թե ինչպես 1956 թվականին ընտանիքի հետ Երևան էր այցելել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն և ինչպես «Երևան» հյուրանոցի մոտ աշխատող հայտնի կոշիկ մաքրող ուստա Կիրակոսը վարպետորեն փայլեցրել էր նախարարի պատանի որդու կոշիկները»: