Հայաստանի փողոցները չնախատեսված հատվածով անցնող քաղաքացիները տուգանվում են 5,000 դրամով (շուրջ 10 դոլար)։ 3,000 տուգանք (6 դոլար) էլ նախատեսված է նրանց համար, ովքեր անցել են անցումով, բայց կարմիր լույսի տակ։
Եթե խախտումը կատարելու պահին քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, ապա նրան կտեղափոխեն ոստիկանության մոտակա բաժին, կպարզեն անձը և կտուգանեն։
Երևանում կարելի է դեռ հանդիպել փողոցը չնախատեսված տեդով անցնող մարդկանց, այն դեպքում, երբ շատ մոտ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կա։ Խախտման պատճառաբանությունները տարբեր են։ Երիտասարդներն ասում են, թե շտապում են, մեծահասակները դժգոհում են անցումներից, նշելով, որ չեն կարող այդքան աստիճան իջնել ու բարձրանալ։ Եվ թաղամասեր կան, որտեղ գետնանցումները կեղտոտ են, և մարդիկ գերադասում են խախտում անել, բայց շրջանցել դրանք։
Ոստիկանների խոսքով, փողոցը ոչ ճիշտ տեղով անցնողները հիմնականում Երևանի փոքր կենտրոնից դուրս գտնվող վարչական շրջաններում են պատահում։ Եվ շատ են դեպքերը, երբ հետիոտնի փողոցը սխալ տեղով անցնելու պատճառով, վթար է գրանցվում։