Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ընտանեկան աղմկահարույց դրամայի հետ կապված սպանության գործից առանձին քննվող ծեծի ու սպանության սպառնալիքների գործով այսօրվա դատական նիստում շարունակվեցին դատական վիճաբանությունները:
Մասնավորապես, նախկին ամուսնական զույգի՝ կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը միջնորդեց ճանաչել ու հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը:
Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը, ոչ մի ուղղակի ապացույց չունենալով, հիմնվելով միայն գործով մյուս մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանի ցուցմունքների վրա, իր պաշտպանյալին երեք դրվագ ծեծի մեղադրանք է առաջադրել:
Թագուհի Մանսուրյանը որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ, ասաց նա: Ըստ կնոջ պաշտպանի, ամուսինը դարանակալել է կնոջը աշխատանքից տուն վերադառնալիս, մի ձեռքով տեսանկարահանել է, իսկ մյուս ձեռքով հարվածներ հասցրել: Իրավապահ մարմինները օպերատիվ չեն աշխատել իր պաշտպանյալի ու նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ամուսնու գործողությունների հետևանքով գիշերային ձայները խաթարել են երեխայի քունը, նրա մոտ առաջացրել սթրեսային վիճակ:
Անժելա Հոբոսյանը նկատեց, որ իր պաշտպանյալը տուն էր վերադառնում աշխատանքային գործիքներով լեցուն երկու պայուսակները ձեռքերին, այսինքն՝ երկու ձեռքերն էլ զբաղված են եղել, ուստի չէր կարող ճանկռել ամուսնուն, ինչպես վերջինս պնդել է: Բացի այդ, Թ.Մանսուրյանի եղունգներն արհեստական են, ճկվող են և չէին կարող վնաս պատճառել: Ըստ պաշտպանի, քննիչը պարտավոր էր նշանակել հետքաբանական փորձաքննություն, ինչը չի արել: Պաշտպանը տեսակետ հայտնեց, որ իր պաշտպանյալի նախկին ամուսինը կարող էր վնասվածքներ ստանալ այլ վայրում:
Եթե անգամ իր պաշտպանյալի կողմից ինչ-ինչ վնասվածքներ պատճառվել են, ապա դրանք իրավաչափ ու համաչափ են ամուսնու կողմից գործադրված բռնությունների պարագայում, վերջինս է եղել նախահարձակը: Զավեշտ է, որ այսպիսի փոքրամարմին կինը կարող էր ծեծի ենթարկել հաղթանդամ տղամարդուն, հավելեց Անժելա Հոբոսյանը:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Թագուհի Մանսուրյանը: Նա նշեց, որ ինքն ամեն կերպ փորձել է իր ընտանիքը պահպանել, սակայն նորից ու նորից ամուսինը բռնել է բռնությունների ուղին: Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղսագրվող ծեծի երեք դրվագներով էլ ինքը նախահարձակ չի եղել, ամուսինն է միշտ հարձակվել իր վրա:
Երեխայի ծնված օրվանից ամուսինն ոչինչ չի արել երեխայի համար, խուսափել է ալիմենտ վճարել, ո՛չ նա, ո՛չ նրա ծնողներն ու քույրերը չեն հետաքրքրվել երեխայով: Ապա ամբաստանյալն անցում կատարեց ծեծի գործից իր մոր՝ երեխայի տատիկի, սպանության գործին և հայտարարեց, որ իր երեխայի ապագան իր մոր սպանության օրվանից կործանվել է, իր երեխան չի կարող գլուխը բարձր պահած դուրս գալ հասարակություն, իմանալով, որ իր հայրը մարդասպան է:
Վլադիկ Մարտիրոսյանը միջնորդեց իր նկատմամբ սանկցիա կիրառել ու հեռացնել դատական նիստերի դահլիճից, քանի որ չի կարող սուտը լսել:
Դատարանը հորդորեց կողմերին հանդարտվել, հորդորեց նաև ճառերը կառուցել տվյալ գործով մեղադրանքի ծավալի շրջանակում և հիմնվել անմեղության կանխավարկածի վրա:
Հաջորդ դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես կգան Վլադիկ Մարտիրոսյանն ու իր պաշտպան Լիաննա Գասպարյանը:
Իսկ մեղադրողն ավելի վաղ պնդել է մեղադրանքը և միջնորդել Վ.Մարտիրոսյանին դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման, իսկ Թ.Մանսուրյանին՝ տուգանքի՝ 70 հազար ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ ըստ Վլադիկ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում, որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` բռնել է Թ.Մանսուրյանի ձեռքերը, ուժեղ սեղմել և քաշքշել է` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք, ինչպես նաև նույն վեճի ժամանակ Թ.Մանսուրյանին տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում Ս.Տարոնցի 7 շենքի բակում նախկին կնոջից` Թ.Մանսուրյանից պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երևանի Շիրակի 45/2 հասցեում գտնվող «Մհեր Մար» խանութի դիմաց իր որդուն տեսակցել չթույլատրելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` Վաչագան Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպանության սպաառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել, որից հետո դիտավորությամբ 4-5 անգամ բռունցքով հարվածնքեր է հասցրել ավտոմեքենայում նստած Վ.Մանսուրյանի դեմքին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 22-ին ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին և նրա ընտանիքի անդամներին, ու այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Թ.Մանսուրյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, թևին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած Կ.Մանսուրյանի գլխին, ձեռքին, մատներին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Ըստ Թագուհի Մանսուրյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը, և 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, իսկ Թագուհի Մանսուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: