
Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ն ընթանում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովը, որին ներկայացված է նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում:
Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն այս միջոցառմանը «Զանգի»-ն մասնակցում է երկրորդ անգամ:
«GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: