Տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է։ Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն:2018 թվականի փետրվարի 15-ին 43 տարեկան տղամարդուց ահազանգ էր ստացվել, որ իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել են գումար և իր բջջային հեռախոսները։ Պարզվել է, որ 43-ամյա տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանն է։ Նույն օրը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում մի ուղևոր նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ:
Ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը: Հետո նա Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների տարածքում կանգնեցրել է մեքենան և արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և երկու բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորի ինքնությունը, որը 40-ամյա տղամարդ է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Նրան գտել են և կալանավորել։ Մեղադրյալը հարցաքննվել է։ Նրա ցուցմունքների համաձայն՝ վարորդի սուրճի մեջ ավելացվել է հոգեմետ դեղահաբ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձի գործողություններից տուժել են նաև այլ տաքսու վարորդներ: