Մտավորականության, գողականության և այլնի մասին՝ առանց հանգուցալուծման կամ ախտորոշման:
Nota bene. Ստորև տպագրվող գրառումներում ընթերցողը չի գտնի «ազգային», «ըմբռնում», «հայրենիք», «արիական», «շինիչ», «Հոբլ-Գոբլ», «ազատամարտ», «մարդասիրական օգնություն», «գթություն», «մշակույթ», «հիմնահարց», «հովհարաձև», «կտրոն» բառերը:
Մենք ենք ապրում ենք բանտում, բանտային օրենքներով, մեզ տրվում է օրապահիկի մեր համեստ բաժինը, մենք վայելում ենք «վերուստ» արվող փոքրիկ «շռայլությունները» (ինչպիսին այս գրառումներն են), խոսում ենք ժողովրդավարությունից և չենք ուզում նկատել, որ գողականությունն ու գողալեզուն կլանել են բոլորիս։ Բոլորը խոսում են պատերազմի մասին, մինչդեռ պատերազմական օրենքների փոխարեն մեզ կառավարում են զարգացած բոլշևիզմի գողական օրենքները։
Գողական շարժումը իսկական վերածնունդ ապրեց 70-ականներին, երբ ժողովրդի «ընտրյալ» փոքրամասնությունը «խառոշի» էր, իսկ մեծամասնությունը՝ «հարիֆ» կամ «թռած»։ Նույնիսկ դպրոցների բակերում ամենատարածված երևույթը «ռազբիրատն» էր։ Հենց այս ժամանակահատվածում, գողական աշխարհի և իրավապահ մարմինների արմատացող սերտաճմանը զուգընթաց, հստակվեց գողական մտավորականությունը՝ վերադաս-«օրենքովին» նրբորեն քծնելու և ստորադաս-«հարիֆին» նույնքան նրբորեն ստորացնելու անուրանալի տաղանդով։ Բոլորովին նոր որակ։ Երեկվա պատանին՝ մտավորագողական մաֆիան ոտք դրեց կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած ԲՇԿ-ից մինչև Գիտությունների կաճառ և ստեղծագործական միություններ։
Ավանդական գողականության նորագույն դպրոցները (կոմերիտմիություն, կուսակցություն) անցած ջերմոցային մտավորականները («մտա-ոռականները» – ինչպե՞ս չսիրես մայրենին) ապացուցեցին և ապացուցում են դասակարգային առաձգականության իրենց ժառանգական ձիրքը։ Բայց դա չէ սարսափելին, ողորմելիները շուտով կմեռնեն, և նրանց ոչ ոք չի հիշի։ Սարսափելին այն է, որ «գողական ժողովրդավարները» արմատներ են գցում, հենց սա կլինի այլասերման և աղետի վերջին ակորդը։
Գողալեզուն և գողական կեցվածքը համաճարակի պես տարածվել են ամենուր՝ խթանելով «ներքին թրքությունն» ու տակավին մանկասայլակի մեջ փչացնելով երեխային։ Ամփոփենք. ռուսականացման դեմ պայքարը հասավ գագաթնակետին, բայց ռուսական դպրոցները փակելուց և ռուսալեզու մամուլը հալածելուց մայրենին չի մաքրվում, և մաքրվելու միտում էլ չի նկատվում։ Լսեք աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, միացրեք հեռացույցը, ձայնասփյուռը և հարցրեք՝ ինչո՞ւ է սփյուռքահայը ավելի մաքուր հայերենով խոսում։ Զուտ հայերեն խոսակցական լեզու այդպես էլ չձևավորվեց, այնքան որ մեր մեջ զորեղ էր արա-ախպերական «նատուռի» ջիղը։ Գողալեզվից ազատվելու և կենդանի հայերենով խոսելու հարկադրական ճիգերն ուղղակի զավեշտ են դառնում, վկա՝ ԳԽ պատգամավորների մեծ մասը։ Բայց մենք շեղվեցինք, իշխանություններին «կպնելը» մեր իրավունքների մեջ չի մտնում (պատճենում ռուսերենից)։
Հիմա «տուֆտա» մտավորականության երկունքի ցավերի ժամն է։ Ի՞նչ է ծնելու։ Ոչինչ էլ չի ծնելու, քանի դեռ օդը քաղաքականացված է, քանի դեռ գաղափարախոսությունը մնում է անձնական օգտագործման կրոն, քանի դեռ մամուլը «ճռռում» է տգիտությամբ համեմված քարոզներից, քաղաքական փուչ առաջարկներից, և ամենակարևորը՝ քանի դեռ կարող ուղեղն ու ուժը չի զբաղվում հոշոտված տնտեսությամբ, իսկ պետության հիմնասյուները երեքն են՝ տնտեսություն, քաղաքականություն և գաղափարախոսություն՝ ճիշտ և միմիայն այս հերթականությամբ։ Գաղափարախոսությամբ (մանավանդ՝ փուչ) տնտեսություն չես ստեղծի։
«Նոմենկլատուրային բանդիտիզմը» (խոստումնալից գրողի կարապի երգը) կյանք է մտել գողական աշխարհից, քանզի բյուրոկրատիզմը, բռնատիրական մղումներն ու աստիճանակարգային ճնշումը պորտաբուծության հետ կազմում են գողականության հիմնասյուները։ Ստալինականությունը գողական հասարակարգի օրգազմն ու փառաբանումն է՝ աստվածարման հավասարեցված ստալինականություն, ահա այսօրվա հասարակարգի օրիորդական ազգանունը։ Պարզ է, որ դիլետանտիզմը պիտի հաղթանակեր և հաղթանակում է, միայն թե ափսոս հազարից թե տասը հազարից մեկին, այն մտածողին, որ աչք չի գցել ամերիկաների վրա, ոչ մոլեռանդ կուսակցական է, ոչ հոգեհաշմանդամ «պուզատի», այլ շնչահեղձ է լինում։
Իսկ «մեր ժողովու՞րդը»։ Կներե՞ք, եթե մեջբերեմ օտարին։ Ջորջ Օրուելը «Անգլիան, ձեր Անգլիան» հոդվածում գրում է. «Լուսնոտ ժողովուրդ» արտահայտությունը, որով Հիտլերը բնորոշեց գերմանացիներին, ավելի շատ անգլիացիներին է սազում»։ Խեղճ Օրուել. նա չապրեց, որ տեսներ լուսնոտացված ժողովրդին, որը մինչև անգամ չգիտի, որ այս բանտը իրենն է։
Սամվել Մկրտչյան