Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում օրեր առաջ մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել է 56-ամյա մի տղամարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ձերբակալված անձը Գնել Հովհաննիսյանն է, ով նախկինում դատապարտված է եղել ոչ ավել ոչ պակաս ԱԱԾ-ի կողմից Նորքում վնասազերծված զինված խմբի գործով, սակայն Հովհաննիսյանի մասով քրեական գործի քննությունն առանձնացված է եղել, նա առաջադրված մեղադրանքը ընդունել է, և դատարանի 05-12-2016թ. դատավճռով դատապարտվել է 2 ամիս ժամկետով կալանքի:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Գնել Հովհաննիսյանը անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տան՝ Շարուրի փողոցի 13-րդ շենքի 29-րդ բնակարանին կից ավտոտնակում ապօրինի պահել է փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող երեք հատ գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ, ռազմամթերք հանդիսացող թվով երեք հատ գործարանային արտադրության «ЭДП» տեսակի էլեկտրոդետոնատորներ, որոնք 2016թ. սեպտեմբերի 30-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հիշյալ բնակարանին կից ավտոտնակում:
Նշենք նաև, որ ԱԱԾ վարույթում քննված քրեական գործով դատարանն ի սկզբանե Գնել Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն օրեր այն դքննության առնելով Գնել Հովհաննիսյանի պաշտպանի միջնորդությունը` նրա նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ բավարարել է այն և գրավի չափ սահմանել 600.000 ՀՀ դրամը:
Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազը, ինչը բավարարվել է և Հովհաննիսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է անթույլատրելի:
Այսպիսով, գործով մինչև դատաքննության սկսվելը Գնել Հովհաննիսյանը միջնորդել է այն քննել արագացված ընթացակարգով և հայտարարել, որ մեղքն ընդունում է ամբողջ ծավալով:
Դեպքից տարիներ անց՝ 2018 թվականին նույն անձի մոտ նորից զենք է հայտնաբերվում, այս անգամ մեծ քանակությամբ։ Թե որքանով է այս զինանոցն առնչվում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի հետ՝ կպարզի քննությունը։ Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ 2018թ. փետրվարի 24-ին, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում գտնվող Գնել Հովհաննիսյանի հոր տանը խուզարկություն է կատարվել։
Արդյունքում՝ կիսանկուղային հարկի թաքստոց սենյակից հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ զենքեր և զինամթերք, մասնավորապես՝ որսորդական հրացանի կոտորակներ, 5,45 տեսակի, 62,54 և այլ տեսակի փամփուշտներ, որոնց թվում նաև՝ զրահահատ-հրկիզվող, լուսացրող փամփուշտներ, ինչպես նաև՝ տարայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, թվով 3 ինքնաձիգի կողապայուսակ, ՀՄՄ-ի դիտման սարք, զրահամեքենայի «ՏՊԿՈՒ 2Բ» տեսակի օպերատոր նշանառուի տեսասարք, գնդացիրի բռնիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, ինքնաձիգի գարեփուկ, 800գ. տարողությամբ տարայով «տաուտ», արբալետի նետեր, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, 7,6.39 տրամաչափի ձեռքի գնդացրի փամփշտատուփ, ինքնաշեն եղանակով պատրաստված 32 մմ. որսորդական հրացանի խզակոթ՝ իր փողակալով, թվով 1 «ԿԱՐԱԲԻՆ» տեսակի հրացանի փակաղակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի պահեստատուփեր, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի սվին դանակ, ինքնաձիգի 4 խլացուցիչ, «ՆԱԳԱՆ» տեսակի ատրճանակ, «ԴՐԱԳԱՆՈՎ» տեսակի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փող, «Ֆ1» տեսակի բեկորային նռնակներ, «ՊԳԴ5», «ՊԳ45», «ՊԿԳ3» տեսակի նռնակներ, մի քանի տեսակի պայթուցիկ լիցքեր, էլեկտրոդետոնատոր, քողարկվող դիմակ և զինամթերքի այլ տեսակներ։
Գնել Հովհաննիսյանը դատապարտվել է նաև տարիներ առաջ՝ «31»-ի քրեական գործով։