Հունվարի 30-ից անհետ կորած և փետրվարի 23-ին Կիևյան կամրջի տակ հայտնաբերված 26-ամյա Վարդան Մնացականյանի հարազատների համար երիտասարդի մահվան հանգամանքները մնում են հանելուկ: Նրա քույրը՝ Մերի Մնացականյանը, որին վերջին անգամ անհետ կորչելուց առաջ զանգահարել էր Վարդանը, Aravot.am-ին պատմեց, որ այդ օրը եղբայրը սովորականի նման աշխատանքի է գնացել, երեկոյան աշխատանքի ավարտից հետո զանգել իրեն, ասել, որ էլ իմ ձայնը չեք լսելու:
Մերիի խոսքով դրանով ավարտվել է զրույցը, ինքը չի հասցրել հարցեր տալ, բայց մտածել է՝ եղբայրը կատակ է անում: Մեր զրուցակցի խոսքով, եղբայրը տանը որևէ կոնֆլիկտ չի ունեցել, իսկ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Մնացականյանը պարտքեր է ունեցել, ընտանիքի անդամները նման տեղեկություններ չունեն:
«Գործնական խնդիրների մասին նա երբեք տանը չի խոսել, մենք չենք իմացել, որ նման հարցեր է ունեցել, ամեն մեկն իր թյուր կարծիքն է արտահայտում, անիմաստ ասեկոսեներ են »,- ասաց Մերի Մնացականյանը:
Մեր հարցին, թե ով էր Աննան, որին վերջին անգամ Վարդան Մնացականյանը նամակ էր ուղարկել մեր զրուցակիցը պատասխանեց, որ չեն ճանաչում. «Աղջկա համար ինքը երբեք կյանքին վերջ չէր տա, կարդացել ենք այդ նամակը, զարմացած ենք մնացել, թե ով է հրապարակել, ինչի համար, ոչինչ չենք կարող ասել: Մենք այդ աղջկան չենք ճանաչում, չենք էլ ուզում խորանալ այդ մասով, որովհետև Վարդանի կյանքում որևէ կոնկրետ աղջիկ լուրջ նպատակներով չի եղել, ինքը կարող էր օրը մեկի հետ շփվել»:
Վարդան Մնացականյանի հարազատները խոսել են նաև նրա գործընկերների հետ, ըստ Մերի Մնացականյանի, այնտեղ ևս բոլորը զարմացել են Վարդանի անհետ կորչելու ու դրան հաջորդած դեպքից. «Ինքը շատ սիրված ու հարգված է եղել իր աշխատավայրում, չենք կարող որևէ մեկին մեղադրել, Վարդանը երբեք իր աշխատանքի հարցերի մասին ընտանիքում չի խոսել…թյուր կարծիք է ստեղծվել, թե Վարդանը թույլ տղա է, գնաց ինքնասպանություն գործեց, չկա նման բան: Ես բացառում եմ ինքնասպանությունը, ինքը թույլ տղա չէր, որ իրեն կորցներ, թքած ուներ այն մարդկանց վրա, որոնք կարող էին իրենց կյանքի վրա ձեռք բարձրացնել»:
Վարդան Մնացականյանի հարազատները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ 23 օր կորած Վարդանի մահը վրա էր հասել նրա դիակը գտնելուց չորս օր առաջ. «Նա տնից դուրս է եկել հունվարի 30-ին, նրա դիակը գտել են փետրվարի 23-ին: Ինչ եք կարծում, եթե ինքնասպան եղած լիներ, 23-րդ օրը, նոր պետք է ջրի երե՟ս դուրս գար, չէր կարող մարդ 23 օր կորել ու ասեին՝ չորս օրվա մահ է եղել իր մոտ, բա այն քանի օրը որտեղ էր»: