Տաքսու վարորդների սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ էր գցել ու թալանել
| Դիտվել է`
Վերջերս ոստիկանության տարածքային տարբեր ստորաբաժանումներ էին դիմում տաքսու վարորդներ ու հայտնում, որ իրենց թալանել են։ Հաղորդումները նույնաբովանդակ էին․ անծանոթ մեկը նստել է տաքսին, պատվիրել իրեն տանել որևէ տեղ, ճանապարհին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդների ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ ուշքի են եկել, տեսել են, որ մոտների փողն ու բջջայինները չկան։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները սկսեցին համատեղ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություններն օր առաջ բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարողին, քանի որ դեպքերի վերլուծությամբ ոստիկանները պարզեցին՝ ձեռագիրը նույնն է, հետևաբար մեկ անձի ձեռքի գործ է։
Բացահայտման միջոցառումների ընթացքում՝ փետրվարի 15-ին՝ ժամը 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին դիմեց մի տաքսու վարորդ ևս։ Հայտնեց, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։
Ճանապարհին պատվիրատուն վարորդին դարձյալ սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։
Փոքր-ինչ լավ զգալուց հետո նկատել է, որ Երևանում է՝ Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Նկատել է նաև, որ պատվիրատուն ձեռքը մտցրել է իր գրպանը՝ փող հափշտակելու։ Վարորդը փորձել է կանխել, սակայն պատվիրատուն նրա կյանքի և առողջության նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել է 80 հազար դրամ, բջջային հեռախոսներ ու փախել։
Այս հաղորդումից օրեր անց քրեական հետախույզները պարզեցին կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը ։ 40-ամյա Ավետիս Շառոյանը փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ նա է տաքսու վարորդներին հյուրասիրած սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ գցել։ Շառոյանի խոսքով՝ նույն եղանակով 40-ից ավելի հափշտակություն է կատարել։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ