Անցած շաբաթ Epress.am-ի լրագրողները և Հայկական բնապահպանական ճակատի Անին գնացել էին Ալավերդի։ Գիտեինք, որ հունվարի 24-ին «Թեղուտ ՓԲԸ»-ն հայտարարել է, որ անհայտ ժամանակով դադարեցնում է Թեղուտի անտառում պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը և մոտ 1200 աշխատակիցներին ազատում աշխատանքից։ Պաշտոնական պատճառը հանքաարդյուաբերության ընդլայնմանը պատրաստվելն էր։
Հյուրատան աշխատակիցը, գուշակելով մեր այցի նպատակը, վրդովվում էր նոր ՀԷԿ-ի կառուցման նախագծից, ըստ որի պետք է փոխեն Դեբեդ գետի ուղղությունը։ «Միտինգների երբեք չեմ գնացել։ Ղարաբաղի համար էլ դուրս չեմ եկել, բայց Դեբեդի համար կգնամ»։ Պատին բանակում սպանված որդու նկարն էր։
Կնոջ ամուսինը խոսեց վարչապետի մասին, «որին մեզ դեմ են տվել որպես նոր մարդ»։ «Ինքը ի՞նչ մեղք ունի։ Տեսավ՝ թալանելու տեղ ա, ինքն էլ ա թալանում»։
Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչներն ու բնապահպանները հերքում են հանքը շահագործողների պատճառաբանությունները․ հանքի փակման պատճառն այն է, որ Թեղուտ ՓԲԸ֊ն իրական ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, երբ դանիական 2 ընկերություններ հետ են վերցրել 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը՝ բնապահպանական ռիսկերը մերկացնող լրագրողական նյութից հետո։
Ամբողջությամբ՝ epress.am